Երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերում:

Նախարար ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։

Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների և օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային առօրյա և հրատապ հարցեր, այդուհանդերձ, կրթությունն առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե՛ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե՛ նաև ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։

Այս օրը հնարավորություն է մի կողմից մեր գնահատանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության և քայլի համար՝ չափազանց բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու ևս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը: Այն կրթությունը, որը մրցունակ է և այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը՝ առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որն իրացվելով և ստեղծագործելով՝ իր լավակեցությամբ նաև երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։

Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլվելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք՝ եղած խնդիրները ձևակերպելու համար և հետևողական ու համբերատար լինենք՝ դրանք լուծելու համար։

Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ, այս օրը նշելով նաև իբրև Հայաստանի Հանրապետությունում ուսանողների և երիտասարդների օր՝ մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։

Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին՝ հիմնադրման 106 ամյակի առիթով՝ ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների առաջատար՝ նորովի վերահաստատելով իր պատմական և հանրային նշանակությունը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում