Միացյալ Նահանգներ

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

2 րոպեի ընթերցում

Անտոնիո Գուտերեշը մտահոգված  է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ-ի և, ընդհանուր առմամբ, զարգացման ու մարդասիրական ծրագրերում ֆինանսական ներդրումների կրճատումների առնչությամբ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իհարկե, ես մտահոգված եմ, որ ՄԱԿ-ի և ընդհանուր առմամբ զարգացման ու մարդասիրական ծրագրերի ամենամեծ դոնորը կտրուկ կրճատում է իր ներդրումները», - ասել է նա։ 

Գուտերեշն, այդուհանդերձ, հավելել է, որ ԱՄՆ ֆինանսական կրճատումների հետևանքով ՄԱԿ-ը փլուզման առջև չի կանգնի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ֆինանսավորման այդ կրճատումները խնդիր չեն ՄԱԿ-ի և նրա գործակալությունների համար, սակայն խնդիր են այն մարդկանց համար, որոնց օգնում են այդ գործակալությունները։ 

«Ես չեմ անհանգստանում ՄԱԿ-ի համար, գիտեմ, որ մենք կանենք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր աշխատանքը շարունակելու և այն ավելի արդյունավետ կատարելու համար»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին ստորագրել է գործադիր հրամանագիր, որով դուրս է բերել Միացյալ Նահանգները ԱՀԿ-ից՝ նշելով, որ Վաշինգտոնն անհամաչափորեն բարձր ներդրումներ է կատարում այլ երկրների համեմատ։ Փետրվարի 3-ին Վաշինգտոնը փաստացի կասեցրել է նաև Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը, որը զգալի միջոցներ էր հատկացրել միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմանը։ Մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նշանակվել էր USAID-ի ժամանակավոր ղեկավար, հայտարարեց, որ կառավարությունը վերանայումից հետո դադարեցրել է գործակալության ծրագրերի 83%-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում