Իրան

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ չնայած իրանական միջուկային խնդրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող անուղղակի բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառում Իրանի երեք քաղաքացիների և մեկ իրանական կազմակերպության նկատմամբ, որը կապված է Իրանի պաշտպանության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության հետ, որը հայտնի է իր պարսկական SPND հապավմամբ, որը ուղիղ իրավահաջորդն է 2004 թվականից առաջ գործող Իրանի միջուկային զենքի ծրագրի՝ նաև հայտնի որպես «Ամադ» նախագիծ», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ, «զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը նպաստում է կամ վտանգ կա, որ նյութապես կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը»։

«ԱՄՆ-ի գործողությունները նպատակ ունեն հետաձգել և խաթարել SPND-ի՝ միջուկային զենքի հետազոտությունն ու մշակումն իրականացնելու կարողությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ն մտադիր է կիրառել պատժամիջոցներ, որպեսզի Իրանը «երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Մասկատում կայացած վերջին բանակցություններում ԱՄՆ-ի հետ որոշակի փոխըմբռնում է ձեռք բերվել։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանական և ամերիկյան պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում