Կրթություն

Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ  փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ  փուլի մրցումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի 4060 աշակերտ է մասնակցել:

Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Սյունիքի մարզի Յու. Բաշխյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցուցաբերել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանվով (կցորդ անիվներով) և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Լեռնահովտի Ա․ Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը,  լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի թիմը:

Ըստ աղբյուրի՝ 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ մարզերի 540 դպրոցի ավելի քան 5400 աշակերտ է մասնակցել:

Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 6 դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի  թիմը:

Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել է 9460 աշակերտ՝ ՀՀ 604 դպրոցից:

Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում