Հայաստան

Վարչապետը հույս ունի, որ Նոր Նորքի միջադեպը «Հանրապետություն» կուսակցության համար նույնպես անընդունելի է

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հույս ունի, որ Նոր Նորքի միջադեպը «Հանրապետություն» կուսակցության համար նույնպես անընդունելի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Նոր Նորքի վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպը անընդունելի է ոչ միայն իր քաղաքական թիմի, այլև «Հանրապետություն» կուսակցության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշեց, որ նման իրավիճակներում պետք է գործեն սկզբունքային մոտեցումներ։

«Ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս և ասում եմ՝ անընդունելի է ինձ համար։ Դրա շուրջ վարչական որոշումներ պետք է լինեն, թե չլինեն, ես նախընտրում եմ, որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի և հարգելի գործընկերներին և մեր դիրքորոշումները արտահայտենք։ Ես հույս ունեմ և համոզված եմ՝ իմանալով «Հանրապետություն» կուսակցության արժեհամակարգը, որ նրանք նույնպես կիսում են նույն մոտեցումը», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև շեշտեց որ եթե պարզվի՝ նման ընկալում չկա, ապա դա իր համար զարմանալի կլինի։

«Եթե մեկը ասի, որ «Հանրապետություն» կուսակցությունը այս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ, և դրանից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ՝ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ անկախ նրանից, թե ով է պաշտոնյան, բոլորը պարտավոր են պահպանել քաղաքացիական և պաշտոնեական վարքականոն։

«Բոլորս մարդիկ ենք, կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել, բայց կա որոշակի կանոն։ Ի վերջո, մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք, և Հայաստանի Հանրապետությունը պետություն է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- եզրափակեց Փաշինյանը։

Ապրիլի 29-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Միջադեպին մասնակից են եղել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ակտիվիստ Արթուր Չախոյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը և ևս երեք քաղաքացի։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում