Հայաստան

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը

ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Պատգամավորը բարձրաձայնեց Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի լճերի», ինչը վկայում է երկար տարիներ չլուծված համակարգային խնդիրների մասին։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի միայնակ միջոցներն ու հնարավորությունները բավարար չեն խնդրին ֆունդամենտալ լուծում տալու համար։

Նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
«Քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք։ Նմանատիպ խնդիրներ ունեն նաև հարթավայրային մարզերի քաղաքային բնակավայրերը։ Մենք մեր փողոցաշինական բոլոր ծրագրերում ընդգրկում ենք նաև ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման ու արդիականացման բաղադրիչը։ Արդեն իսկ նմանատիպ ծրագրեր իրականացվել են Երևանում և մի շարք այլ քաղաքներում»,- ասաց Խուդաթյանը։

Խուդաթյանը տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ մայրաքաղաքի առավել խնդրահարույց վայրերում, իսկ 2026 թվականին նախատեսվում է ջրահեռացման համակարգերի արդիականացման ֆինանսավորումը զգալիորեն ավելացնել։

«Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կիրականացնենք, որոնց արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար», – եզրափակեց նախարարը։

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում