Ես դատապարտում եմ բռնությունը. Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ դատապարտելով բռնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնջորյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:
«Ես դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը: Ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա և դատապարտելու եմ նաև ապագայում: Եվ ես համոզմունք ունեմ, որ բռնությունը մեր քաղաքական մշակույթում ընդհանրապես պետք է տեղ չունենա»,–ասաց խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով քաղաքական պատասխանատվության վերաբերյալ հարցին՝ Կոնջորյանը նշեց, որ Նոր Նորքի թաղապետն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է: «Ես կարծում եմ, որ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է և քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,–հավելեց նա:
Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Տարոն Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։