«Կարլ Մարքս․ խոստովանություններ» ներկայացումը կբացահայտի 19-րդ դարի փիլիսոփայի կյանքի թաքուն էջերը
5 րոպեի ընթերցում

«Կարլ Մարքս․ խոստովանություններ» ներկայացման առանցքում 19-րդ դարի երկու մտածողներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի նամակներն են։ Մարքսի՝ հասարակության լայն շրջանակի սուր աչքից վրիպած անձնական կյանքի պատկերն ավելի ամբողջացնելու համար ընդգրկվել են նաև փիլիսոփայի ընտանիքի անդամների նամակները։ Նամակներում ոչ թե Կարլ Մարքս հասարակական գործիչն է, այլ հասարակ մարդը, որը բախվել է դաժան իրականությանը, աղքատությանն ու աշխարհին հարմարվելու անկարողությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրության մեջ, որի առաջնախաղերը տեղի կունենան մայիսի 6-7-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, բացակայում է գեղարվեստական հորինվածքը, ներկայացվում է միայն մարդկային իրական կյանքը, որն արտացոլված է փաստաթղթերում։
Մայիսի 5-ին լրագրողները հնարավորություն ունեցան դիտել ներկայացումն ու զրուցել ստեղծագործական կազմի անդամների հետ։ Պիեսի հեղինակը և բեմադրիչը Հայկ Կարապետյանն է՝ Լատվիայից, որտեղ բեմադրել է թատերական ներկայացումներ, օպերաներ, նկարահանել է մի շարք ֆիլմեր։ Նա առաջին անգամ է բեմադրություն անում Հայաստանում։ Ներկայացմամբ ցանկացել է ստեղծել ուրիշ աշխարհ, անել հնարավորը, որ հանդիսատեսը տեղափոխվի այլ իրականություն։
«Ռիգայում Մարքսին վերաբերող ռադիոներկայացում կար։ Մի փիլիսոփա առանձնացրել էր Մարքսի և Էնգելսի այն նամակները, որոնցում նրանք բողոքում են առողջությունից, ֆինանսական վիճակից և այլն։ Մենք գիտենք Մարքս մտածողին, բայց համարյա չգիտենք, թե նա ինչպես է ապրել, հատկապես խորհրդային տարիներին շատ նամակներ չեն թարգմանվել։ Հավանեցի այդ ռադիոներկայացումն ու ցանկացա այն բեմադրել թատրոնում։ Մի քանի տարի մտածում էի այդ մասին ու գրեցի պիես, որում զարգացրեցի նաև Մարքսի ընտանեկան կյանքի դրվագները. ներառեցի նրա կնոջ, դուստրերի նամակները։ Ռիգայում շատերը խուսափեցին այն բեմադրել, քանի որ Մարքսի կերպարը Լատվիայում միանշանակ չի ընկալվում, նրա հանդեպ բացասական վերաբերմունք կա»,-պատմեց ռեժիսորը։
Երբ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը Կարապետյանին հրավիրել է բեմադրություն անել Երևանում, ռեժիսորն առաջարկել է այդ պիեսը, և Մկրտչյանը համաձայնվել է։ «Ցանկացել եմ ներկայացնել մի մարդու, որը չի կարողացել գտնել իրեն, բայց մահից հետո փոխել է աշխարհը»,-շեշտեց Կարապետյանը։
Ներկայացման բեմանկարչության և լուսային ձևավորման հեղինակն Էյ Ջեյ Ուայսբարդն է՝ ԱՄՆ-ից։ Նա միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ է, որի աշխատանքները ներկայացվել են աշխարհի խոշորագույն թատրոններում, օպերային բեմերում և մշակութային կենտրոններում։ «Ամեն նոր նախագիծ մարտահրավեր է, և յուրաքանչյուր գեղեցիկ գործ համագործակցություն է ստեղծագործական ամբողջ կազմի միջև, և մենք շատ բախտավոր ենք, որ կարողացանք աշխատել այս նվիրված թիմի հետ։ Օտար երկրից գալով՝ փորձել եմ Երևան բերել նոր տեխնիկաներ, նոր մոտեցումներ ու ոճ, որը դուր կգա հանդիսատեսին։ Մենք նաև փորձել ենք ստեղծել պատկերներ, իրավիճակներ, ենթատեքստեր, որոնք կարող են կոտրել սահմաններն ու նոր ճանապարհներ ստեղծել»,-նշեց նա։
«Կարլ Մարքս․ խոստովանություններ» ներկայացման դերակատարներն են՝ Արմեն Քուշկյան, Արաքսյա Մելիքյան, Ռուզաննա Հախնազարյան, Հայկ Իսրայելյան, Սաթենիկ Գասպարյան, Ջուլիա Մովսեսյան։ Նրանցից յուրաքանչյուրը մի քանի անգամ կերպարանափոխվում է և այլ հերոսի մարմնավորում։ Ներկայացումն առանձնանում է նաև Մերի Սարգսյանի հեղինակած բեմազգեստի հարստությամբ, ինչպես նաև բծախնդիր և տիպական դիմահարդարմամբ։ Բախի երաժշտությունը հատուկ այս նախագծի համար կատարել է հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Նամակները հայերեն է թարգմանել Զավեն Բոյաջյանը։
«Այս առաջնախաղը նոր էջ է թատրոնի պատմության մեջ։ Առանց վախենալու ենք ասում համաշխարհային պրեմիերա, որովհետև այդ ստեղծագործությունը, այս աշխատանքն այս ձևաչափով առաջին անգամ ներկայացվում է մեր թատրոնում մեր պատվերով։ Մայր թատրոնի խնդիրներից է անընդհատ նորամուծություններ անելը, լավագույն ուժերի հետ համագործակցելը։ Այս նախագծի մասին խոսել եմ մեկ տարի առաջ և այսօր այն իրականություն է դառնում։ Երբ գործընկերները լսում են Մարքսին նվիրված ներկայացման մասին, զարմանում են, շփոթվում են, ինչը նաև հաճելի է, քանի որ թատրոնի խնդիրը հարց առաջ քաշելն է», - ընդգծեց Վարդան Մկրտչյանն ու հավելեց՝ իրենք լուծել են իրենց առաջ դրված խնդիրը։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Մկրտչյանն ասաց՝ իր երազանքն է Գարեգին Նժդեհի մասին ներկայացում բեմադրել Մայր թատրոնում, քանի որ Նժդեհը մեր պատմության ամենակենտրոնական մտավորականներից է։