Մշակույթ

Գեղարքունիքում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում ներկայացրած 10 ներկայացումը դիտել է շուրջ 3350 հանդիսատես

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում ներկայացրած 10 ներկայացումը դիտել է շուրջ 3350 հանդիսատես

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց «Հրազդանի դրամատիկական թատրոն» մշակութային կենտրոնի դերասաններին, որոնք ներկայացրին «Ծառերը կանգնած են մեռնում» բեմադրությունը, ռեժիսոր՝ Սամվել Բաղինյան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սա թատերական երկամսյակի շրջանակներում կազմակերպված վերջին՝ 10-րդ ներկայացումն էր։ 

2025 թվականի մարտի 8-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի հանդիսատեսին են ներկայացել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Երևանի խամաճիկների, Երևանի մնջախաղի, Հովհ.Թումանյանի անվան ազգային տիկնիկային, Սոս Սարգսյանի անվան համազգային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Հրազդանի դրամատիկական թատրոնների դերասանները, ովքեր իրենց խաղերով մեծ բավականություն են պատճառել  հանդիսատեսին։ 

Բեմադրությունները դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից հրավիրվել են Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների աշխատողներ, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հիմնարկների կոլեկտիվներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորա-դասախոսական անձնակազմեր, կրտսեր և ավագ տարիքի դպրոցականներ, նախադպրոցական տարիքի երեխաներ, անհատ քաղաքացիներ։ 

Թատերական երկամսյակի ընթացքում ներկայացրած 10 ներկայացումը դիտել է շուրջ 3350 հանդիսատես։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում