Տնտեսություն

ՀՀ-ում աղքատության մակարդակը դեռ բարձր է, ուստի կենսապահովման նվազագույն զամբյուղն էականորեն համադրվում է նվազագույն աշխատավարձի հետ․ տնտեսագետ

6 րոպեի ընթերցում

ՀՀ-ում աղքատության մակարդակը դեռ բարձր է, ուստի կենսապահովման նվազագույն զամբյուղն էականորեն համադրվում է նվազագույն աշխատավարձի հետ․ տնտեսագետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում ներկայացվեց «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագետ Ռուբեն Մարկոսյանը ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքներն ու հանդես եկավ համապատասխան առաջարկներով։ Հետազոտության հիմքում քննարկման առրկա են դարձել այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, գնաճը, կենսապահովման նվազագույն զամբյուղը, ինչպես նաև սոցիալական գործընկերությունն ու սոցիալական արդարությունը։ 

«Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) սահմանել է նվազագույն աշխատավարձի հետ կապված կարևոր դրույթները, որոնք համապատասխան կոնվենցիայի տեսքով ընդունվել են ԱՄԿ-ի անդամ պետությունների ավելի քան 90 տոկոսի կողմից։ Հայաստանը նույնպես դրանով պարտավորվել է սահմանել վարձու աշխատողների բոլոր խմբերին ընդգրկող նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ։ Եթե խոսք է գնում նվազագույն աշխատավարձի մակարդակի մասին, ապա պետությունները պետք է հաշվի առնեն աշխատողների և նրանց ընտանիքների պահանջմունքները՝ ուշադրություն դարձնելով ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակի վրա, որով դիտարկվում են կենսապահովման նվազագույն ծախսերը, միջին աշխատավարձը, նպաստները և կյանքի ուղիղ համեմատական մակարդակը»,-նշեց Մարկոսյանը։

Նա հավելեց, որ նվազագույն աշխատավարձը ոչ միայն սոցիալական հասկացություն է, այլև մակրոտնտեսական շատ կարևոր գործոն, ուստի պահանջում է հավասարակշռված մոտեցում։ Բացի դրանից, կոնվենցիան իր հերթին ապահովում է տնտեսական գործոնները՝ ներառելով տնտեսական զարգացման պահանջները, արտադրողականությունը, զբաղվածության մակարդակը, գնաճը և այլ բաղադրիչներ։

«Նվազագույն աշխատավարձի համակարգը ենթադրում է նաև սերտ համագործակցություն աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական կազմակերպությունների հետ։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում, ցավոք, նվազագույն աշխատավարձի պարագայում հստակ սահմանված չէ աշխատանքի պարբերականություն, նաև աշխատավարձի սահմանման համար օբյեկտիվ սոցիալ-տնտեսական հիմքեր, չափելի արդյունքներ և համարժեք մեթոդաբանություն»,-ասաց տնտեսագետը։

Մարկոսյանն անդրադարձավ նաև կենսապահովման նվազագույն զամբյուղին, որն ԱՄԿ-ի կոնվենցիայով նույնպես էականորեն փոխկապակցված է նվազագույն աշխատավարձի հետ։ Նրա խոսքով՝ դիտարկումները ցույց են տվել, որ կենսապահովման նվազագույն զամբյուղի կամ սպառողական նվազագույն զամբյուղի հետ նվազագույն աշխատավարձի փոխկապակցումն այն երկրներում է իրագործվում, որոնք ունեն համեմատաբար ցածր տնտեսական ցուցանիշներ, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի բավականին ցածր ցուցանիշներ կան, և ըստ այդմ էլ այդ երկրները դասվում են ցածր եկամուտներ ունեցող պետությունների խմբին։ 

«Մեր երկիրը վերջին տարիներին արձանագրել է բավականին բարձր տնտեսական աճ, և այսօր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը մոտ 8500 դոլար է, ինչը մեզ բերել է այն հանգրվանի, որ կայուն կերպով գտնվում ենք միջին եկամուտներ ունեցող երկրների ցանկում, որտեղ արդեն նվազագույն աշխատավարձի սահմանման աղքատամետ մոտեցումները կիրառելի չեն։ Այդուհանդերձ, մեզ մոտ աղքատության մակարդակը դեռ բարձր է, հետևաբար կենսապահովման նվազագույն զամբյուղի գաղափարն էականորեն համադրվում է նվազագույն աշխատավարձի հետ»,-պարզաբանեց հետազոտական խմբի ղեկավարը։

Նրա դիտարկմամբ՝ 2004 թվականին ՀՀ-ում ընդունվել է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը, որն, ըստ էության, թերի է գործում։ Օրենքը նախատեսում է նաև սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, ինչը նույնպես լիարժեքորեն ապահովված չէ։ 

«Վիճակագրական կոմիտեն ներկայացնում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Եթե այն համադրում ենք նվազագույն աշխատավարձի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ այսօր տարեկան նվազագույն աշխատավարձը չի բավականացնում նվազագույն սպառողական զամբյուղին, որի ձևավորման մեթոդաբանության վերաբերյալ ունենք որոշակի վերապահումներ։ Հասկանալի չէ, թե արդյոք այդ գործակիցը մշակողները մանրազնին հաշվի են առել տրանսպորտի, առողջապահության, բնակարանային ապահովման, կոմունալ, կրթական և այլ ծախսերը, այսինքն այն, ինչ մեր ֆոկուս խմբերի ներկայացրած վերլուծության մեջ շատ կարևոր դերակատարություն ունի»,-նշեց Մարկոսյանը։ 

Տնտեսագետն առաջարկեց, որ օրենսդրական պահանջներն ու նախատեսված կենսապահովման նվազագույն զամբյուղի որոշման անհրաժեշտ մեթոդական հիմքերն ի վերջո ամբողջովին ապահովվեն արհեստակցական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ, ինչպես նաև վերացվի կենսապահովման նվազագույն զամբյուղի և սպառողական նվազագույն զամբյուղի հետ կապված խառնաշփոթը։ 

«Մեր պետությունն այնքան է հասունացել, որ կարող է գնալ այդ քայլին և ավելի շատ խոսել ճշմարտության մասին՝ փորձելով առաջարկել ավելի հստակ ռազմավարություն»,-եզրափակեց Մարկոսյանը։     

  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում