Կրթություն

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

7 րոպեի ընթերցում

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ընթացակարգը։ 

Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատությունների զարգացումն և կատարելագործումը, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել՝ առաջընթաց ապահովելու հարցում: Յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում են բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսման արժանացած,  ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկերը:

Հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է գնահատման սահմանված չափանիշներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցույթի արդյունքում, ցածր կատարողականի արդյունքը՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով։ 

Կձևավորվի մրցութային հանձնաժողով

Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատում է մրցութային հանձնաժողովը, որի նախագահը հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև ներկայացուցիչներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից (ԿԶՆԱԿ), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից ( ՀՄԿ), Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), նախարարության հանրակրթության և ֆինանսաբյուջետային վարչություններից, ինչպես նաև կրթության ոլորտի 2 փորձագետ: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Բարձր կատարողականի արդյունք ցուցաբերած հաստատություններին որոշելու նպատակով յուրաքանչյուր տարի նախարարության  կայքում տեղադրվում է մրցույթի հայտարարություն:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատություններին ներկայացվող պահանջներ

Հաստատությունները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով հաստատության զարգացմանն ուղղված  նորարարական ծրագիր, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված  ծախսերի նախահաշիվը՝ 1 տարվա համար:

Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների.

  • Ուսուցիչների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք
  • Ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ
  • Սովորողների առնվազն 5%-ը նախորդ ուսումնական տարում մասնակցել  է առարկայական օլիմպիադաների մարզային (համայնքային) փուլերին, ունեցել է հանրապետական փուլի մասնակից
  • «Ամսվա լավագույնները» մրցույթին տարվա ընթացքում ներկայացվել է առնվազն 3 հայտ:

Հաստատությունների բարձր կատարողականի արդյունքը որոշվում է մրցույթին ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող յուրաքանչյուր հաստատության համար ներկայացված զարգացման և նորարարական ծրագրի կատարման նպատակով նախատեսվող ֆինանսական խրախուսումը կազմում է ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվարին:

Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել  20-ը: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված դպրոցը հաջորդող 3 տարվա ընթացքում չի կարող դիմել մրցույթին:

Ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցները որոշելու հիմնական բաղադրիչները 

Յուրաքանչյուր տարի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) իրականացվում է հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների գնահատում՝ 3 փուլով։ Հաստատության  կատարողականի արդյունքները գնահատելիս հաշվի են առնվում մի քանի կարևոր բաղադրիչներ՝ դպրոցի կառավարման, ուսումնական և մասնագիտական միջավայրը, մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները, սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը, խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը:

Առաջին փուլում գնահատումը կատարվում է ԴԿՏ համակարգում առկա տվյալների հիման վրա ձևավորված ինքնաշխատ հաշվետվությամբ: 

Ընտրված հաստատություններում հաջորդաբար՝ երկրորդ փուլում, անցկացվում է ԳԹԿ-ի կողմից արտաքին գնահատում՝ սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման եղանակով: Երրորդ  փուլում ըստ արտաքին գնահատման արդյունքների և ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցների գնահատման սանդղակի՝ հանձնաժողովի  կողմից ընտրվում են առավելագույնը 30 հաստատություններ, որոնց կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ որպես աջակցություն: 

Մենթոր դպրոցի օգնությամբ մշակվող բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն՝ ցածր կատարողականով հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար:

Ընդունվելու դեպքում կարգը կգործի 2026 թվականի հունվարից:

Հաստատության նորարարական կամ բարելավման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ պարբերական մշտադիտարկումների գնահատումների միջոցով: 

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև 2025 թվականի մայիսի 7-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում