Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին
1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ից 8-ը զրո ժամից մինչև մայիսի 10-ից 11-ը զրո ժամը, ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», - ասվում է հայտարարության մեջ։
«Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին», - ընդգծում է Կրեմլը։
ՌԴ իշխանությունները նախազգուշացրել են, որ «ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը համարժեք և արդյունավետ պատասխան կտան»։
Միևնույն ժամանակ «ռուսական կողմը հերթական անգամ հայտարարում է առանց նախապայմանների հաշտության բանակցություններին իր պատրաստակամության մասին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառների վերացմանը, միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»։