Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ապրիլի 28-ին ընդունել է Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած և մրցանակային տեղեր զբաղեցրած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց մարզիչներին։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ մարզպետը մարզիկներին և մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով և հուշանվերներով՝ բարձր մարզական արդյունքների, սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և նվիրված աշխատանքի համար։
Շնորհավորելով հավաքականի անդամներին՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ մեծ ոգևորությամբ հետևել է առաջնությանը և վստահ է եղել, որ Հայաստանի հավաքականը կներկայանա պատվով, իսկ շիրակցի մարզիկների հաղթանակին սպասել է առանձնակի հուզմունքով։
«Հայաստանն ու Գյումրին դուք եք դարձնում հաղթանակած։ Ձեր շնորհիվ մենք հպարտությամբ ենք խոսում մեր մարզի, մեր քաղաքի մասին։ Լիազորություններիս և հնարավորություններիս շրջանակում ես միշտ լինելու եմ ձեր կողքին»,- ասել է մարզպետը՝ շեշտելով նաև մարզիչների հետևողական և նվիրված աշխատանքի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար։
Կողմերը նաև քննարկել են սպորտային ոլորտում առաջիկա անելիքներն ու ծրագրերը։