Աշխարհ

Պակիստանի բանակը բարձրացնում է մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ ռազմական լարվածության ֆոնին

2 րոպեի ընթերցում

Պակիստանի բանակը բարձրացնում է մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ ռազմական լարվածության ֆոնին

Պակիստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Հնդկաստանի հետ ռազմական լարվածության աճի ֆոնին մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Times of India հրատարակությունը։

Իսլամաբադից 60 կմ հեռավորության վրա գտնվող «Քամրա» խոշոր ավիաբազայում տեղաբաշխված կործանիչները վարժական թռիչքներ են կատարել հակառակորդի օդային հարձակումը հետ մղելու գործողությունները կատարելագործելու համար։ Պակիստանի «Թիլա» բանակային զորավարժարանում անցկացվել են մարտական ​​հրաձգությամբ վարժանքներ։ Վերլուծաբանների կարծիքով, դրանք «Պակիստանի ազդանշանն են հնդկական բանակի հետ առաջիկա մարտերին պատրաստվածության մասին»։ 

Ինչպես ընդգծում է The Times of India-ն, «Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը շարունակում է աճել, երկու երկրներն էլ պատրաստվում են հնարավոր բախման»։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ապրիլի 24-ին Պակիստանի հետ սահմանի անմիջական մերձակայքում անցկացրել են Aakraman («Գրոհ») կոդային անվամբ լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցել են Սու-30ՄԿԻ, Rafale կործանիչները և Surat էսկադրային ականակիրը։

Ապրիլի 22-ին ահաբեկիչները գրոհ են իրականացրել Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի շրջանի Պահալգամ քաղաքում, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները մեղադրել են պակիստանյան «Լաշքար է Թայբա» խմբավորման հետ կապված «Դիմադրության ճակատ»-ին։ Պակիստանը հերքել է այս մեղադրանքները։ 

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանը Քաշմիրը զրկեց կիսաինքնավար կարգավիճակից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում