Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտանի նահանգի Պոնտիանակ քաղաքում բողոքի ակցիայի դուրս եկած ուսանողները հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան բախվել են ոստիկանության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ցուցարարները բողոքում էին այն բանի դեմ, թե ինչպես է կառավարությունը պայքարում ծխամշուշի և շնչառական հիվանդությունների դեմ, որոնք առաջացել են ամիսներ շարունակվող անտառային հրդեհների հետևանքով։
Ինդոնեզիայում վերջին շրջանում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ներկայիս վարչակազմի կողմից բնապահպանական և տնտեսական խնդիրներին արձագանքի շուրջ։
Nusantara Atlas-ի արբանյակային տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայում այրված տարածքների ընդհանուր մակերեսը օգոստոսին կազմել է 895 650 հեկտար, սակայն սեպտեմբերի վերջին այն հասել է 1,92 միլիոն հեկտարի։
Երկիրը բուռն քննադատության է ենթարկվել ամիսներ շարունակվող անտառային հրդեհների պատճառով, որոնք հարյուր հազարավոր մարդկանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացրել, իսկ թանձր ծխամշուշը տարածվել է նաև հարևան Սինգապուրում, Մալայզիայում և Արևելյան Թիմորում։