Այստեղ երգելը հետաքրքիր է. «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ ունեցավ Երևանի մետրոպոլիտենում
3 րոպեի ընթերցում

«Երաժշտական մետրո» նախագծի շրջանակում «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգն ապրիլի 22-ին ելույթ ունեցավ «Երիտասարդական» կայարանում։ Երգիչը կատարեց իր հիթերը, հաղորդակցվեց երկրպագուների հետ՝ դրական էներգիա փոխանցելով նրանց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ իր ելույթը լրագրողների հետ զրույցում Պարգը նշեց՝ տրամադրությունը բարձր է, իսկ հուզմունքը միայն օգնում է ելույթին։
«Մետրոյից հազվադեպ եմ օգտվում, բայց այստեղ ելույթ ունենալը շատ հետաքրքիր է։ Ձայները, արձագանքները, մարդիկ, որ կանգնած անհամբեր սպասում են. այդ ամենը ոգևորում է»,-ասաց երգիչը։
Անդրադառնալով եվրատեսիլյան բեմադրությանը՝ Պարգը նշեց, որ այն տարբերվելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ընթացքում ներկայացված բեմադրությունից, ավելի աշխույժ և էներգիայով լի է լինելու։
Պարգն ու իր թիմն արդեն եղել են Շվեդիայում, որտեղ պատրաստվում են ելույթի դեկորները, ստուգել են դրանք և հավանել։
Երգիչը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ընթացքում մտերմացել է մասնակիցներից Սիմոնի հետ, լավ հարաբերություններ ունի Մելս Դանիելյանի հետ։ «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետի հետ երկար տարիներ աշխատել են, անգամ համատեղ երգ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրը Պարգին խորհուրդ է տվել վայելել ամեն վայրկյանն ու բավականություն ստանալ մրցույթին մասնակցությունից։
«Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Պարգը մրցույթին կմասնակցի Survivor երգով։
«Երաժշտական մետրո» նախագիծը մեկնարկել են «Կերոն» զարգացման հիմնադրամն ու Երևանի մետրոպոլիտենը։ 2025-ի հունվարից մինչև ապրիլ ամեն հինգշաբթի «Երիտասարդական» կայարանում անցկացվել են փոքր ձևաչափի երաժշտական ելույթներ տարբեր երաժիշտների մասնակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի հարստացնել քաղաքային մթնոլորտը և ստեղծել հաճելի պահեր մետրոյի ուղևորների և Երևանի բնակիչների համար։ «Երաժշտական մետրո» նախագծի նպատակն է խթանել մշակութային նախաձեռնությունների իրականացումը Երևանի հանրային տարածքներում, քաղաքային առօրյան դարձնել ավելի հետաքրքիր, ստեղծել նոր միջավայր և նպաստել տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը՝ տրամադրելով նրանց անվճար բեմահարթակ։
