Մշակույթ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Գեղարքունիքի մարզային գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում կայացել է ևս երկու միջոցառում՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին և «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանին նվիրված միջոցառումը կազմակերպել են գրադարանի արվեստի բաժինը և Գավառի գեղարվեստի դպրոցը։

Միջոցառմանը ներկայացվել են Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լուսանկարչության խմբակի սաների և Գավառի պետական երաժշտական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները։

Գավառի գեղարվեստի դպրոցի նկարչության բաժնի սաներն իրենց աշխատանքներում անդրադարձել են սարյանական թեմաներին՝ ստեղծելով նատյուրմորտներ։ Միջոցառման ընթացքում պատմել են նաև Մարտիրոս Սարյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին։

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի քննարկմանը գրադարանի ակտիվ ընթերցողներ Սոֆյա Սարիբեկյանը, Նելլի Գրիգորյանը, Սիփան Կիրակոսյանը, Մանվել Գևորգյանը և Սյուզի Մարգարյանը ընթերցել և ներկայացրել են գրքի հերոսուհիների հաջողված պատմությունները։

Իրենց անձնական կյանքի դժվարություններով և հաջողություններով կիսվել են նաև գրադարանի լավագույն ընթերցողներ Անի Կուռոյանը և Գևորգ Աֆրիկյանը։

«Միջոցառումը, ինչպես նաև «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքը, ամփոփեց մարզային գրադարանի ընթերցասրահի բաժնի վարիչ Շուշանիկ Գրիգորյանն՝ ընդգծելով գրադարանի դերը որպես գիտելիքի, հավասար հնարավորությունների և ոգեշնչման տարածք։ Նա նշեց, որ գրադարանը ոչ միայն գրքերի պահպանման ու մատուցման վայր է, այլև համայնքի զարգացման, մարդասիրության և ներառականության կարևոր հարթակ»,-ներկայացրել է գրադարանի տնօրենը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում