Կրթություն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ և լրացումները կատարելու նախագիծը:

Փոփոխությունը բխում է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել  կրթական ծրագրերի երկու մակարդակ:

  • Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն սահմանել մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրեր: Մասնագիտական կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի արհեստավորի  կամ կրտսեր մասնագետի որակավորում:
  • Որպես երկրորդ մակարդակ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերը կփոխարինվեն մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով: Մասնագիտական կրթության  երկրորդ մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի մասնագետի որակավորում:

Նախագծի համապատասխան հավելվածներում սահմանվել են նաև մասնագիտական կրթության առաջին և երկրորդ մակարդակների համար կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգերը և ձևերը: 

Սահմանվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթերը՝ հուշագիր, պայմանագիր,  համապատասխան մարդկային ռեսուրսներ և այլն:  

Կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար կարևորվում են ենթակառուցվածքների՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների առկայությունը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների հինգ տարվա ռազմավարական ծրագիրը: Լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկությունների  հետ և նախատեսում են համապատասխան գույքի և սարքավորումների, գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը, մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:

Շահագրգիռ կառույցները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները Իրավական ակտերի նախագծերի հրապարակման  e-draft.am կայքում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի ապրիլի 29-ը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում