Մշակույթ

Վարպետը՝ իր աչքերով. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ծննդյան օրը բացվեց հեղինակի ինքնանկարների ցուցահանդեսը

8 րոպեի ընթերցում

Վարպետը՝ իր աչքերով. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ծննդյան օրը բացվեց հեղինակի ինքնանկարների ցուցահանդեսը

ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանն (Վալմար) ամեն տարի իր ծննդյան օրը՝ ապրիլի 21-ը, տոնում է ցուցադրությամբ և այդպես տարիների կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում թե՛ իրեն, թե՛ արվեստագետներին, թե՛ արվեստասերներին։ 2025-ը բացառություն չէ։ Այս անգամ Վալմարը 55 տարվա ընթացքում արված ինքնանկարների ցուցահանդեսով տոնեց տարեդարձը։

Ցուցադրությանը, որը բացվեց «Վալմար» արվեստանոցում, ընդգրկված են 1970-ից ի վեր ստեղծված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ սյուրռեալիստական, պոստիմպրեսիոնիստական, ռեալիստական ինքնատիպ դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում բարձր գեղարվեստական արժեքով։

Մինչ ցուցադրության պաշտոնական մեկնարկը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վալմարն ասաց՝ իր համար կյանքի հիմնասյուներն են Աստված, հայրենիքն ու ընտանիքը։ «Հոգևոր թեմաներով շատ գործեր ունեմ, որոնցից պահվում են Կանադայում, ԱՄՆ-ում, Երուսաղեմում։ Այդ կերպ պահանջ եմ ունեցել արտահայտել իմ զգացմունքները, իմ ընկալումները։ Ունեմ հայրենասիրական  մի շարք գործեր. ես էներգիա եմ ստանում իմ հողից, ջրից, հայրենիքից։ Ինձ բազմիցս հրավիրել են ԱՄՆ, տվել են այնտեղ մշտական ապրելու իրավունք, աշխատել եմ այնտեղի հեղինակավոր ցուցասրահների հետ, բայց չեմ գայթակղվել այդ ամենով։ Երբ սիրում ես, Աստծո սրտում ես։ Սիրում եմ իմ ընտանիքը. իմ կինը  հրաշալի ընկալում է արվեստը, աղջիկս հրաշալի նկարչուհի է, նա իմ գլուխգործոցն է»,-շեշտում է նա։

Վալմարը կարծում է՝ յուրաքանչյուր մարդ իր ներսում պետք է պեղումներ կատարի, հասկանա, թե Աստված իրեն ինչ է տվել ու ճիշտ օգտագործի այդ ամենը։ «Երբեմն մարդիկ չեն կարողանում դա հասկանալ, ներկայացնել այն, ինչ ունեն, իսկ ես հասկացա ինձ տրվածն ու քայլ առ քայլ, մթության մեջ լույս տեսնելով՝ մոտեցա այդ  լույսին։ Ծանր տարիներ եմ ապրել ու Գյումրիից  հասել եմ Երևան։ Փառք Աստծո, որ կարողացել եմ իմ նկարչությամբ, իմ աշխատասիրությամբ, իմ արվեստով  մշակույթ ներկայացնել,  ցուցադրվել աշխարհի հիսուն երկրում»,-ընդգծում է Վալմարը։

Նկարիչը խոստովանում է՝ չի սիրում, երբ իրեն քննադատում են կամ գովասանքներ տեղում, որովհետև ունի անհատականություն, լսում է իր ներքին ձայնին՝ մաքո՞ւր է աշխարհը, լուսավո՞ր է, զգայակա՞ն է։ Ըստ նրա՝ դա է կարևոր, քանի որ արվեստը  զգայական երևույթ է։ 

«Իմ առաջ խնդիր եմ դնում ու փորձում եմ լուծել այն։ Գնում եմ Իտալիա, Վենետիկն եմ նկարում, Իսպանիայում ցլամարտն եմ նկարում, Ճապոնիան եմ սիրում, որի պես կարգուկանոնով երկիր չկա, հետո Փարիզն եմ սիրում, Շվեյցարիան, Գերմանիան և այլն։ Այդ բոլոր երկրներում ներկայացրել եմ մեր մշակույթը. 8 հարյուրից ավելի գործ ցուցադրել եմ արտերկրում։ Երբեք չեմ մտածել, որ ինչ-որ մեկն ինձ պետք է օգնի, ամեն բանի հասել եմ իմ ջանքերով ու աշխատասիրությամբ»,-նշում է ՀՀ ժողովրդական նկարիչը։ 

Խոսելով ինքնանկարների մասին՝ Վալմարը խոստովանում է՝ ինքնանկարներ  ստեղծում այն ժամանակ, երբ լիցքավորվում է արտաքին աշխարհից։ «Ինքնանկարներ եմ նկարել, երբ սիրահարված էի, երբ Ղարաբաղյան շարժումն էր, երկրաշարժը։ Երկու տարի երկրաշարժ եմ նկարել, հետո՝ ինքնանկար, որ մաքրագործվեմ։ Այսօր ցանկացա 1972-ից մինչ 2025 թվականը ծնված ինքնանկարները ցուցադրել, այնքանը, որքանը հնարավոր է ցուցադրել այս փոքր տարածքում։ Կան գործեր, որոնք առաջին անգամ եմ ներկայացնում արվեստասերներին։ Որոշ գործեր Գյումրիից եմ բերել՝ հորս տանից, որոշ գործեր՝ Հայաստանի ազգային պատկերասրահից»,-տեղեկացնում է նա։ 

Վալմարը չի կարող նկարել, ինչպես ինքն է ասում, ամեն մեկին, պետք է  տեսնի տվյալ մարդու ներաշխարհը լուսավո՞ր է, թե՞ հակառակը, զզայական աշխարհը քնա՞ծ է, թե՞ արթուն։   

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և ավագ գիտաշխատող Մարգարիտա Քամալյանի խոսքով՝ ցուցահանդեսն ինքնատիպ է այն իմաստով, որ առաջին անգամ ներկայացնում է վարպետը իր իսկ աչքերով։  «Դիմանկարները կարևոր են, որովհետև տոգորված են հումանիստական ոգով։ Պանթեիստական բնապատկերների, դրանց գրկում ծվարած հայկական եկեղեցիների, սրբապատկերների, դիմանկարների, նատյուրմորտների կողքին Վալմարի ինքնադիմանկարները բացահայտում են նրա արվեստի և կյանքի հիմնասյուները՝ Աստված, հայրենիք, ընտանիք, աշխատանք։ 1972-74 թվականների դիմանկարներում նկատվում է հոգևոր բաղադրիչը։ Վարպետն ինքնահայեցողության մեջ է։ Նա փորձում է տեսնել, բացահայտել սեփական քանքարը, տաղանդը, շարունակական առաջընթացում նորանոր մոլորակներ է  որոնում, հասարակության անտարբեր հայացքի ներքո դժվարություններ է փորձում հաղթահարել և ինքն իրեն ժամանակի առջև պատասխանատու լինելու և մնալու խրատներ է հղում»,-ասում է Քամալյանը։

Ըստ արվեստաբանի՝ ցուցադրության մեջ կարևոր տեղ է գրավում վարպետի և նրա տիկնոջ՝ բժշկուհի Եվգենիա Մինասյանի հարսանեկան դիմանկարը եկեղեցու գմբեթների ներքո։  «Սա կարևոր էջ է վարպետի կյանքում, քանի որ իր տիկնոջը բազմիցս վրձնով հավերժացրած նկարիչը նրան համարում է իր կյանքի մեծագույն ընկերը, համախոհն ու աջակիցը։  Հայ ազգի պատմության տարաբախտ էջերից մեկին է նվիրված 1989 թվականի ինքնադիմանկարը, քանի որ Լենինականի ավերիչ երկրաշարժից հետո այդ թեմային Վալմարը մի ամբողջ նկարաշար նվիրեց ու ապրումակցումից ասես ծերացած սեփական հոգեպատկերը կտավի մակերեսին հանձնելու անհրաժեշտություն է զգացել ու ստեղծել հոգեբանական խորը բնութագրումներով հարուստ մի պատկեր»,- ընդգծում Քամալյանը։  

Նա վստահ է՝ Վալմարը զերծ է Նարցիսի ինքնահմայվածությունից, չի քողարկվում դիմակների ետևում, կարիք չունի իդեալիզացիայի, նա անհատ է, որն անկեղծ է ինքն իր հետ։

Նկարչի ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև արվեստագետներ, որոնք բարձր են գնահատում Վալմարին և նրա ներդրումը մշակույթի ոլորտում։ 

Վալմարն իր գործունեության ընթացքում հանդես է եկել  ավելի քան հինգ տասնյակ անհատական և հարյուրից ավելի խմբային ցուցահանդեսներով, որոնք կազմակերպվել են Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ու պատկերասրահներում: Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում:

Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում են: Վալմարը տարբեր տարիներին կատարել է գրքերի, թատերական ներկայացումների ձևավորումներ: 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1994 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։ 2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ 2004 թվականին Երևանում հիմնադրել է «Վալմար» արվեստի սրահը, որտեղ ամեն տարի կազմակերպվում են թեմատիկ նոր ցուցադրություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում