Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. երբ և ինչ գանգատների պարագայում դիմել գաստրոէնտերոլոգին

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. երբ և ինչ գանգատների պարագայում դիմել գաստրոէնտերոլոգին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Մարի Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ գանգատներով են հիմնականում քաղաքացիները դիմում գաստրոէնտերոլոգին։ Նա նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։ 

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Մարի Գրիգորյանը նշել է, որ մասնագետը բուժառուների մոտ առավել հաճախ հանդիպող գանգատները, որոնցով դիմում են, հիմնականում  ստամոքսի ցավն է, աղեփքությունը, սրտխառնոցը, փսխումները, վքնածությունը,  աղիների անկանոն աշխատանքը, որը կարող է արտահայտվել փորլուծությամբ և փորկապությամբ:  

«Սակայն ցանկանում եմ նշել, որ այս մարսողական ախտանշանները կարող են  դիտվել միաժամանակ տարբեր հիվանդությունների դեպքում, և ասել, թե այս կամ այն մարսողական գանգատը կամ ախտանիշը հատուկ է որևէ հիվանդության, ճիշտ չէ: Հետևաբար, անհրաժեշտ է լինում  իրականացնել որոշակի հետազոտություններ՝ նախքան բուժման իրականցումը»,- ասաց Մարի Գրիգորյանը:

Նա ընդգծեց՝ մարսողական համակարգի գանգատները կարող են սրվել որոշակի տեսակի սննդամթերքի օգտագործումից։ Ավելին՝ կան հիվանդություններ, որոնք  կարող են առաջանալ այս կամ այն սննդամթերքի մարսման խանգարման հետևանքով: 

Անդրադառնալով ստամոքսի հետ կապված խնդիրներին՝ մասնագետը նշեց, որ վերջին շրջանում  առավել շատ դիմում են  ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների, գաստրիտի և ստամոքսի վնասման գանգատներով:

«Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար առաջնայինը բալանսավորված սննդակարգի պահպանումն է, որը ենթադրում է փոքր չափաբաժիններով, բայց հաճախակի սննդի օգտագործում։ Ցանկալի է սնունդն օգտագործել թարմ պատրաստված վիճակում։ Խորհուրդ է տրվում օգտագործել միրգ, բանջարեղեն,  խուսափել պահածոյացված, ծխեցված և ապխտած մսամթերքի հաճախակի օգտագործումից և, իհարկե, խուսափել վնասակար սովորություններից՝ ծխախոտի, ալկոհոլի չարաշահումից և  դեղորայքի անհիմն օգտագործումից»,- ընդգծեց մասնագետը: 

Ի՞նչ է ցելիակիա հիվանդությունը, ի՞նչ ախտանիշներ ունի և ինչպե՞ս է այն ախտորոշվում և բուժվում: Ինչո՞ւ է հաճախ կաթնամթերքից առաջանում անտանելիություն, ի՞նչ հիվանդության մասին է խոսքը։ Ինչպե՞ս է դրսևորվում խոցային հիվանդությունը, բուժման ի՞նչ մեթոդներ ունենք։ Ի՞նչ է  իրենից ներկայացնում գաստրիտը, ինչպե՞ս է դրսևորվում։

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում