Գեղարքունիքի մարզային գրադարանում միջոցառումներ են իրականացվում «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանում ապրիլի 14-ից մեկնարկել և ընթանում է միջոցառումների շարքը՝ «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանից, բացման խոսքով հանդես են եկել գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը և ընթերցասրահի բաժնի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը, ովքեր ներկայացրել են շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը։
Մեկնարկային միջոցառումը նվիրվել է գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը։ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը ներկայացրել է գրողի կենսագրությունը, վերլուծել և մեկնաբանել «Աշնան արև» և «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործությունները, համանուն ֆիլմերից դիտել հատվածներ։
Հնչել է Տիգրան Մանսուրյանի՝ «Աշնան արև» ֆիլմի համար գրված երաժշտությունը։
Հաջորդ միջոցառումը նվիրվել է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։
Միջոցառումը նախաձեռնել են մարզային գրադարանի սպասարկման բաժինը և Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփինե Ջրաղացպանյանը։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են Ավետիք Իսահակյանի կյանքը և գրական ժառանգությունը, պատմել են հետաքրքիր հուշեր և դրվագներ Իսահակյանի կյանքից ու ստեղծագործական ուղուց։
Մասնակիցներն ունկնդրել են գրողի գեղարվեստական խոսքը՝ պոեզիայի և արձակի ընտիր հատվածների միջոցով՝ նորովի բացահայտելով նրա մարդկային և գրական կերպարը։
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում գրադարանում կցուցադրվեն նաև Գավառի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների նկարները։
«Ազգային գրադարանային շաբաթվա» միջոցառումները կեզրափակվեն ապրիլի 21-ին, այդ օրը կներկայացվի ու կքննարկվի «Գրադարանը՝ ներառականության հարթակ» թեման։