Կրթություն

Կրթական հաստատությունները ցուցահանդեսում ներկայացնում են իրենց  ուսումնական ծրագրերն ու հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Կրթական հաստատությունները ցուցահանդեսում ներկայացնում են իրենց  ուսումնական ծրագրերն ու հեռանկարները

Հայաստանի ավելի քան յոթ տասնյակ ուսումնական հաստատություններ են ներկայացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 16-ին բացված «Կրթություն և կարիերա EXPO 2025» 24-րդ մասնագիտացված ցուցահանդեսում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, ՀԱԳՄ-ի ու LOGOS EXPO Center-ի կողմից համատեղ կազմակերպված ցուցահանդեսի մասնակից բուհերը, քոլեջները, կրթական կենտրոններն այցելուներին են ներկայացրել իրենց մասնագիտացումները, կրթական ծրագրերը, ուսումնական գործընթացների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները։ 

Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձր է գնահատել մարդկային կապիտալի դերը տնտեսվարման գործընթացում։ Նշելով, որ  ցուցահանդեսը մարդկային կապիտալն աճեցնող կազմակերպությունների հավաք է, յուրօրինակ ներկայացում՝ նա հույս է հայտնել, որ մասնակից կրթական հաստատությունների շնորհիվ Հայաստանը վաղն ունենալու է էապես ավելի բարձր մարդկային կապիտալ։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ «Կրթություն և կարիերա EXPO 2025»–ն ոչ միայն կրթական կառույցների համար իրենց  ուսումնական ծրագրերն ու հեռանկարները ներկայացնելու արդյունավետ հարթակ է, այլև մասնագիտական կողնորոշման լավ հնարավորություն այն երիտասարդների համար, ովքեր իրենց վաղվա գործունեության ոլորտի  ու ապագա ճանապարհի ընտրության մեջ են։    

Ըստ աղբյուրի՝ ցուցահանդեսի բազմապիսի տաղավարները ներկայացված են մասնագիտացված տարբեր ուղղություններով՝ կրթությունը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հետբուհական կրթություն, միջազգային կազմակերպությունների դերը կրթության ոլորտում, նորարարական նախագծեր, վիրտուալ դասագրքեր և ծրագրեր, կրթական միջոցներ, ուսումնական ու զարգացնող գրականություն, տպագրական ծառայություններ և գրենական պիտույքներ, ուսումնական հաստատությունների համար սարքավորումներ։

«Կրթություն և կարիերա EXPO 2025»-ի դռները բաց կլինեն մինչև ապրիլի 18-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում