Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպաման առանցքում  զարգացող գործընկերությունն ու ոլորտներում համագործակցության ընդլայնումն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են  ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում են գործնական քայլեր նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։

Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։ Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։

Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում