Կոբախիձեն խոսել է Հարավային Կովկասում քաղաքականության և ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
2 րոպեի ընթերցում

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղության տեսլականին, չնայած առկա տարածքային հարցերին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովում։
«Մենք խաղաղության տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ», - ասել է նա։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ տարածքային հանակնություններ ունենալ։
«Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ և պրագմատիկ տեսլականին: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ ՌԴ-ի հետ, բայց միևնույն ժամանակ մենք վարում ենք ակտիվ տնտեսական քաղաքականություն. մենք ՌԴ-ի հետ ունենք տնտեսական և առևտրային գործընկերություն, ինչը նույնպես մեր տեսլականի մի մասն է», - ասել է Կոբախիձեն՝ հանդես գալով գագաթնաժողովում։
Ինչպես նշել է Կոբախիձեն, Վրաստանի նման քաղաքականությունն աշխատում է, և երկրում լավ է զարգանում տնտեսությունը։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը հաշտության քաղաքականություն է վարում հարավկովկասյան տարածաշրջանում։
«Մեր փոքր տարածաշրջանը բավականին բարդ է, տարբեր երկրների միջև շարունակական հակամարտություններ կան: Բայց Վրաստանը միշտ շատ դրական դեր է խաղացել տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման առումով: Եվ մեր բոլոր հարևան երկրները, կարծում եմ, գնահատում են Վրաստանի դրական դերը համագործակցությունը խորացնելու և մեր շուրջը խաղաղությունն ամրապնդելու առումով», - նշել է վարչապետը: