Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված

Իսրայելը պետք է անարգել մուտք ապահովի մարդասիրական օգնության համար, որն արգելափակված է Գազայի հատվածի անցակետերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Որպես բռնազավթող տերություն՝ Իսրայելը միանշանակ պարտավորություններ ունի միջազգային իրավունքի համաձայն, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը: Այնուամենայնիվ, ներկայում ոչ մի մարդասիրական պաշար չի կարողանում մուտք գործել Գազա», - գրել է Գուտերեշը:

Նա նաև նշել է մարդասիրական օգնության կուտակման մասին և կարևոր համարել մարդասիրական անձնակազմի պաշտպանությունը։

«Միևնույն ժամանակ, անցակետերում կուտակվում են սնունդը, դեղորայքը, ապաստարանների պարագաները և կենսական կարևորություն ունեցող սարքավորումները։ Պետք է երաշխավորել մարդասիրական օգնության անարգել մուտքը։ Եվ մարդասիրական անձնակազմին պետք է տրվի այն պաշտպանությունը, որը սահմանված է միջազգային իրավունքի համաձայն», - հավելել է Գուտերեշը:

Ավելի վաղ կատարած գրառման մեջ Գուտերեշը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները վերջերս առաջարկել են օգնության տրամադրման «լիազորման մեխանիզմներ», որոնք, ըստ նրա, կարող են հետագայում խստորեն սահմանափակել օգնությունը «մինչև վերջին կալորիան և ալյուրի հատիկը»։

«Թույլ տվեք հստակ նշել. մենք մասնակից չենք դառնալ որևէ պայմանավորվածության, որը լիովին չի հարգում մարդասիրական սկզբունքները՝ մարդասիրություն, անաչառություն, անկախություն և չեզոքություն»,- նշել էր Գուտերեշն ապրիլի 9-ի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում