Աշխարհ

ՀԱՊԿ-ի հետ կապը հուսալիորեն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի հետ կապը հուսալիորեն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժային կառույցների փոխգործակցությունը տարածաշրջանում կայունության հուսալի ապահովման և հակամարտությունների առաջացման ռիսկերի նվազեցման երաշխիքն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» («Դաշնակիցներ. ՀԱՊԿ») պարբերականին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի պրոֆիլային կառույցների միջև փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը հուսալի գործիք է դառնում տարածաշրջաններում անվտանգության ապահովման և լարվածության նվազեցման համար», - նշել է Լեբեդևը։

Համագործակցության գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների զինված ուժերի, արտակարգ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կանոնավոր համատեղ վարժանքները «գլոբալ և տարածաշրջանային բնույթի հրատապ մարտահրավերների և սպառնալիքների դեմ համատեղ գործելու՝ երկրների պատրաստակամության վկայությունն են»։

«Պաշտպանության և այլ շահագրգիռ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգումը թույլ է տալիս մեր փոխգործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի, նպաստում է տարբեր միասնական համակարգերի կատարելագործմանն ու զարգացմանը՝ նպատակ ունենալով պաշտպանել մեր պետությունների շահերը», - հավելել է նա։

Ընդ որում, Լեբեդևն ուշադրություն է հրավիրել, որ նման միջոցառումները նաև օգնում են վերլուծել իրավիճակը մի ամբողջ շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են գլոբալ, տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության ապահովումը, արտաքին գործոնների ազդեցությունն ԱՊՀ և ՀԱՊԿ երկրներում ներքաղաքական իրավիճակի վրա, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում