Եվրոպա

ԵՄ մի քանի երկիր կտրականապես դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներն օգտագործելուն. Կալաս

2 րոպեի ընթերցում

ԵՄ մի քանի երկիր կտրականապես դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներն օգտագործելուն. Կալաս

Եվրամիության առանձին երկրներ կտրականապես դեմ են հանդես եկել Ուկրաինայի կարիքների համար Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին էստոնական ERR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Երբ խոսքը վերաբերում է ռուսական սառեցված ակտիվներին, մենք քննարկումներ ենք անցկացնում 27 մասնակից երկրների հետ: Մենք պատրաստվում ենք, քանի որ կան որոշ ռիսկեր, և մենք պետք է ուղիներ գտնենք դրանք նվազագույնի հասցնելու համար: Բացի այդ, առանձին երկրներ կտրականապես դեմ են դրան», - ասել է նա:

Կալասը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը: 

«Անուններ չեմ կարող նշել, ամեն ինչի մասին կարող եք կարդալ լրատվամիջոցներում, և դա դժվար չի լինի պարզել», - հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է մինչև ապրիլի վերջն Ուկրաինային տրամադրել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը՝ 2,1 մլրդ եվրոյի չափով։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։ Դրանցից մոտավորապես 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ռուսական ակտիվներից ստացված եկամուտները փոխանցվեն Ուկրաինային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում