Իրան

Թրամփը պատրաստ է Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել՝ Իսրայելի մեծ ներգրավվածությամբ

3 րոպեի ընթերցում

Թրամփը պատրաստ է Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել՝ Իսրայելի մեծ ներգրավվածությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի միջուկային համաձայնագիր կնքելու իր առաջարկը: Ընդ որում, նա ասել է, որ Իսրայելը կլինի հնարավոր ռազմական գործողությունների «առաջնորդը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Թրամփի խոսքերը ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի և «հիանալի լինի»:

«Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, միջուկային զենքն է։ Նրանք հասկանում են դա», - ասել է նա։ 

Թրամփը նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը և ասել, որ Իսրայելը մեծ դեր կունենա հնարավոր հարձակման մեջ:

«Եթե դա պետք է արվի ռազմական ճանապարհով, ապա մենք դա կանենք ռազմական ճանապարհով: Իսրայելն, ակնհայտորեն, մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն դրա առաջնորդները: Բայց մեզ ոչ ոք չի առաջնորդում: Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք անել», - ասել է Թրամփը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս հայտարարել էր, որ սատարում է Իրանի հետ համաձայնության հասնելու Թրամփի դիվանագիտական ջանքերին՝ հավելելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք մշակի։

Իրանն, ի պատասխան ռազմական ուժ կիրառելու մասին Թրամփի բազմաթիվ սպառնալիքների, ԱՄՆ-ին խոստացել է «կոշտ պատասխան» և Վաշինգտոնին կոչ արել չսրել իրավիճակը։ 

«Մենք չենք կարող պատկերացնել, որ նախագահ Թրամփն ուզում է դառնալ ԱՄՆ-ի ևս մեկ նախագահ, որը ներքաշվել է Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմի մեջ», - գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի սյունակում:

Իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականին, Թրամփը միակողմանիորեն դուրս բերեց Միացյալ Նահանգները 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները։ Թեհրանն, ի պատասխան դրա, աստիճանաբար սկսեց հրաժարվել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից։ 

Ապրիլի 12-ին Օմանում նախատեսված են բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև։ Թեհրանը հայտարարել է, որ դրանք լինելու են անուղղակի բանակցություններ, մինչդեռ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բանակցությունները լինելու են ուղիղ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում