ՀՀ ԱԺ փոխնախագահը դանիական պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ
2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է դանիական պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-դանիական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր:
Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցության կարևորությունը:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին, շնորհակալություն հայտնել դանիական կողմին խաղաղության հաստատման հարցում հետևողական աջակցության համար:
Սյորեն Սյոնդերգարդը նշել է, որ աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին: Նա ընդգծել է խաղաղության համաձայնագրի և տևական խաղաղության հաստատման կարևորությունը և իրական քայլերի անհրաժեշտությունը՝ խաղաղության գործընթացի հաջողությունն ապահովելու համար:
Նշվում է, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը:
Դանիական կողմը պատրաստակամություն է հայտնել բոլոր քննարկված ուղղություններով հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու հարցում:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: