Եվրոպա

Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչև 10 000 զինվոր դուրս բերելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչև 10 000 զինվոր դուրս բերելու հնարավորությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում քննարկում են Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից և Լեհաստանից, մինչև 10 000 զինծառայողի հետ կանչելու տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի վեց պաշտոնյայի։

«Ստորաբաժանումները, որոնց մասին խոսք է գնում, մասն են կազմում այն 20 000-անոց անձնակազմի, որոնք (ԱՄՆ նախագահ) Բայդենի վարչակազմը 2022 թվականին տեղակայել է Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի սահմանակից երկրների պաշտպանությունն ուժեղացնելու համար: (Խմբ.՝ դուրս բերվող զինվորների) թիվը դեռ քննարկվում է, սակայն առաջարկությունը կարող է ենթադրել Բայդենի կողմից ուղարկված զորքերի մինչև կեսի դուրսբերում», - նշվում է հրապարակման մեջ։

Ռումինիայում և Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը կրճատելու շուրջ ներքին քննարկումներն ընթանում են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով հասնել հրադադարի։ 

Ըստ եվրոպացի աղբյուրների՝ եթե Պենտագոնը հավանություն տա այս առաջարկին, ապա Եվրոպայում կմեծանան մտավախություններն առ այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Եվրոպայում իր վաղեմի դաշնակիցներից, որոնք Ռուսաստանը համարում են սպառնալիք։

Պենտագոնը և ԱՄՆ-ի բանակը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

«Նախագահը մշտապես վերանայում է տեղակայումները և առաջնահերթությունները, որպեսզի համոզվի, որ Ամերիկան առաջին տեղում է մնում», - NBC News-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում