Մերձավոր Արևելք

Շահան Գանտահարյանը չի բացառում Մերձավոր Արևելքում զարգացումների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

8 րոպեի ընթերցում

Շահան Գանտահարյանը չի բացառում Մերձավոր Արևելքում զարգացումների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն, անդրադառնալով վերջին օրերին Իսրայելի և Լիբանանի միջև սահմանային լարվածության ակտիվացմանը, նկատել է, որ Թել Ավիվի կողմից չեն հարգվում դեռևս 2024 թվականի նոյեմբերի 27-ին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ուժի մեջ մտած հրադադարի պայմանները։ Միջազգայնագետը չի բացառել նաև այն, որ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունն ու տեղի ունեցող զարգացումներն իրենց ազդեցությունը կարող են ունենալ Հարավային Կովկասի վրա։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շահան Գանտահարյանն անդրադարձել է Լիբանանում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ Իսրայելի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությանը։ Միջազգայնագետը նկատել է, որ նշյալ հրադադարն, այնուհանդերձ, չի հարգվում Թել Ավիվի կողմից։ 

«Պետք է ասել, որ հրադադարն իր համաձայնեցված կետերով չի հարգվում․ Իսրայելը հայտարարում է, որ լիբանանյան տարածքներից հրթիռներ են արձակվում և ինչ-որ զինվորական տեղաշարժեր է նկատում, դրա համար էլ հատկապես հարավի ուղղությամբ օդային հարձակումներ է իրականացնում։ Այդ հարվածները հասցվում են ոչ միայն Լիբանանի հարավային տարածքներին, այլև մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին։ Կարելի է ասել, որ 2024 թվականի նոյեմբերի 27-ին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրով իսրայելական զինված ուժերի՝ 60-օրյա ժամկետում Լիբանանի հարավից զորքերի դուրսբերման մասին պայմանավորվածությունը դեռևս չի կայացել։ Այդ 60-օրյա ժամկետը վաղուց սպառվել է, բայց, փաստորեն, իսրայելական ուժերը շարունակում են մնալ երկրի հարավում»,-մատնանշել է Շահան Գանտահարյանը։ 

Վերջինիս խոսքով՝ Իսրայելը դա բացատրում է այն հանգամանքով, որ հյուսիսային Իսրայելի անվտանգությունը դեռևս չի վերականգնվել, ժողովուրդը չի վերադարձել, և դրա պատճառով էլ իր զորքերը չի հեռացնում լիբանանյան տարածքներից՝ ընդ որում նաև ռազմավարական նշանակություն ունեցող 4-5 բլուրներից, որոնց վրա Թել Ավիվը կահավորել է իր ռազմակետերը։ 

«Սա միայն Լիբանանի ուղղությամբ չէ, որովհետև Իսրայելն ակտիվ ռազմական գործողություններ է վերսկսել նաև Գազայի, Սիրիայի ուղղություններով՝ թիրախավորելով ռազմական կետերն ու օբյեկտները։ Իսրայելի պաշտոնական լրահոսը հայտարարում է, որ Սիրիայի ուղղությամբ իրականացվող օդային հարվածներն ուղերձ են Թուրքիային։ Բացի այդ, Թել Ավիվը նաև մեղադրանքներ է հնչեցնում Անկարայի հասցեին՝ նշելով, որ թուրքական կողմը սատարում է Իրանին, որը Թուրքիայի վրայով նյութական, ֆինանսական օժանդակություն է հասցնում «Հեզբոլլահ»-ին։ Այս ամենի համատեքստում Իսրայելը հայտարարում է, որ չի հանդուրժելու իր տարածքի սահմանամերձ շրջաններում լարվածության օջախների ստեղծում։ Իսրայելի այդ ուղերձը նաև ներառում էր թուրքական ուժերին, որ դրանք շատ չմոտենան իսրայելական տարածքներին, ռազմակայաններ չհաստատեն»,-նշել է Գանտահարյանը։ 

Անդրադառնալով դիտարկմանը, որ 2024 թվականի նոյեմբերի 27-ի համաձայնագրով սահմանված էր, որ Լիբանանի հարավից իսրայելական ուժերի դուրս գալուն զուգահեռ, լիբանանյան զորքերը պետք է տեղաշարժվեն հարավային ուղղությամբ՝ ապահովելու համար տեղի բնակավայրերի ժողովրդի անվտանգությունը՝ Շահան Գանտահարյանը նկատել է, որ Լիբանանի զորքերն իսկապես շարժվել են դեպի հարավ, սակայն իսրայելական ուժերը դեռևս ամբողջությամբ չեն լքել Լիբանանի հարավը։ 

«Լիբանանը զորքեր է ուղարկել հարավ։ Հիմա այնտեղ կան ինչպես լիբանանյան զորքեր, այնպես էլ իսրայելական զորքեր։ Հարցն այն է, որ դեռևս հրապարակված չէ այն հստակ ժամանակացույցը, որի համաձայն՝ իսրայելյան ուժերը պետք է  հեռանան, և լիբանանյան բանակը տեղակայվի այն տարածքներում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հեռացել է։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Իսրայելի բանակի ուղղությամբ նաև հետզհետե ուժգնանում է միջազգային ճնշումը։ Օրինակ՝ վերջին օրերին Լիբանանում էր Միացյալ Նահանգների պատվիրակը, որը պնդում էր, որ այդ բոլոր գործընթացների հարցում պետք է հստակ ժամկետներ նշվեն։ Դա վերաբերում է նաև  «Հեզբոլլահ»-ի զինաթափմանը, զենքերի հանձնմանը»,-նշել է զրուցակիցը։

Շահան Գանտահարյանն անդրադարձել է նաև Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսմանը՝ նկատելով, որ այդ ամենի վերսկսումը Թել Ավիվը բացատրում է ոչ միայն ՀԱՄԱՍ-ի մոտ իսրայելցի պատանդների առկայությամբ։ 

«Գլոբալ առումով դրա նպատակը ոչ միայն Գազայի հատվածի ժողովրդագրական պատկերը փոխելն է, այլև իշխանության փոփոխումն է։ Չմոռանանք, որ ռազմական գործողություններին զուգահեռ, իրադարձություններ են ծավալվում ինչպես Գազայում, այնպես էլ Իսրայելի ներսում․ բողոքի ակցիաներ են սկսվել, որ ինչպես Պաղեստինում, այնպես էլ Իսրայելում իշխանափոխություն պետք է լինի, որպեսզի խաղաղություն լինի եւ այլն։ Իսկ եթե այս ամենին նայենք ավելի հեռահար կտրվածքով, ապա Իսրայելը, երեք ճակատով՝ Լիբանանում, Սիրիայում, Գազայում գործողություններ իրականացնելու միջոցով նպատակ ունի ջլատել ու թուլացնել Իրանի ազդեցությունն այդ երկրներում, ինչն, ի դեպ, տեղի է ունեցել, և Թեհրանի ազդեցությունն այդ երեք ուղղություններով էլ թուլացել է»,- նշել է զրուցակիցը։  

Շահան Գանտահարյանը նաև կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններն իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև Հարավային Կովկասի իրադրության վրա։ 

«Այստեղ նաև պետք է նկատել, որ Ադրբեջանն ու Իսրայելը շարունակում են խորացնել ռազմական ոլորտի համագործակցությունը, Իսրայելը զինտեխնիկա է  տրամադրում Ադրբեջանին։ Այս ամենը կարող է առնչվել նաև հարավկովկասյան տարածաշրջանին, ընդ որում՝ նաև հայկական գործոնին»,-ընդգծել է Շահան Գանտահարյանը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական ռազմական օդանավերի կողմից Լիբանանի հարավում գտնվող Զիբկին գյուղաքաղաքի վրա իրականացված գրոհի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկու սիրիացի բանվոր վիրավորվել են։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում։ 

2024 թ. սեպտեմբերի 23-ից այն վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։ Չնայած 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին՝ շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։ Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում