Վերլուծություն

Լիբանանում տիրող իրադրության հանգուցալուծումը մեծապես կախված է Իրանի շուրջ ծավալվող գործընթացներից․ Շահան Գանտահարյան

8 րոպեի ընթերցում

Լիբանանում տիրող իրադրության հանգուցալուծումը մեծապես կախված է Իրանի շուրջ ծավալվող գործընթացներից․ Շահան Գանտահարյան

Միջազգայնագետ, Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի կարծիքով՝ չնայած Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմական գործողությունների թատերաբեմում Լիբանանը երկրորդ թեժ կետն է՝ այն ածանցյալ կարգավիճակում է։ Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ Իրանի շուրջ ծավալվող գործընթացները հանգուցալուծում չեն ստացել, իսրայելական զինված ուժերը շարունակելու են Լիբանանի ուղղությամբ ռազմական քայլեր ձեռնարկել։

Գանտահարյանը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Իսրայելի զինված ուժերի կողմից Լիբանանի տարածքի վրա իրականացվող ավիահարվածներին ու դրանց հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին, իրադրության հավանական հանգուցալուծումներին, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսած ռազմական գործողություններին։

Միջազգայնագետի բնորոշմամբ՝ իսրայելական ուժերը բավականին լուրջ և ավերիչ հարվածներ են հասցնում մայրաքաղաք Բեյրութին ու Լիբանանի հարավային շրջանների բնակավայրերին։

«Ժամանակ առ ժամանակ դադարներ լինում են, սակայն ավիահարվածների ինտենսիվությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է»,- հայտնեց Գանտահարյանը։

Փորձագետի խոսքով՝ ի տարբերություն նախորդ պատերազմական գործողությունների և սցենարների՝ այս անգամ ընթանում է շրջանակային պատերազմ, այսինքն՝ ռազմական գործողություններն ընթանում են գրեթե ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում։

«Այս անգամ ներգրավված են նաև տարբեր արաբական երկրներ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները։ Իրանից հետո ամենաթեժ կետը Լիբանանն է, որովհետև «Հեզբոլլահ»-ի զինյալները ուղիղ բախման մեջ են Իսրայելի հետ։ Այստեղ միայն Իսրայելի անվտանգության կամ էլ «Հեզբոլլահ»-ի զինաթափման հանգամանքը չէ․ այս ամենը պարզապես մի մեծ շղթայի մաս են կազմում։ Խոսքը, մասնավորապես, Միացյալ Նահանգների և Իսրայելի շահերի համատեղումն է։ Ավելի լայն իմաստով իրավիճակը պետք է դիտարկել նաև որպես Միացյալ Նահանգներ-Չինաստան տնտեսական մեծ պատերազմի բաղկացուցիչ, որի նպատակն է նավթագազային պաշարների նկատմամբ վերահսկողություն սահմանելը և արգելքը, որպեսզի Չինաստանը չկարողանա ազատ առևտուր անել՝ օգտվելով Մերձավոր Արևելքի նավթային պաշարներից»,-ընդգծեց Շահան Գանտահարյանը։  

Վերջինիս դիտարկմամբ՝ Իրանի դեմ գործողությունների նպատակը գլոբալ առումով նաև Թեհրանի դերակատարության վերասահմանումն է, այլապես Վաշինգտոնն ու Թել Ավիվն այսքան լայնամասշտաբ քայլերի չէին գնա։  

Անդրադառնալով Լիբանանի շուրջ ծավալվող գործընթացներին՝ Գանտահարյանը նկատեց, որ նախքան այս անգամվա լարվածության առաջացումը, Իսրայելը Բեյրութին կոչ էր արել և սպառնացել էր, որ եթե «Հեզբոլլահ»-ը Իսրայելի ուղղությամբ որևէ հրթիռ արձակի՝ ներգրավվելով գործընթացում որպես Իրանի կողմնակից, ապա Լիբանանի ամբողջ տարածքը կդառնա թիրախ։  

«Հարվածի տակ են ոչ միայն Լիբանանի հարավային շրջանները, այլև մայրաքաղաք Բեյրութը։ Այնտեղ, որտեղ Իսրայելը թիրախ է նկատում, հարվածում է, բայց այս անգամ նաև Բեյրութի քրիստոնյա հատվածում՝ հյուրանոցի ուղղությամբ հրթիռակոծում իրականացրեց, և հյուրանոցն ամբողջությամբ փլվեց»,-ասաց միջազգայնագետը։  

Նա մատնանշեց, որ Իսրայելը Լիբանանի ամբողջ հարավային շրջանում՝ մինչև Լիթանի գետն անվտանգության գոտի ձևավորելու առաջադրանք է դրել՝ տեղի բազմաթիվ գյուղերի, քաղաքների բնակիչներին կոչ անելով լքել իրենց բնակավայրերը, գյուղերը, քաղաքները։

«Ի տարբերություն նախորդ պատերազմական գործողությունների՝ մի քանի հանգամանք պետք է նշել․ նախ այն, որ ներքին փախստականների հսկայական ալիք կա։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, և Լիբանանի կառավարությունը նրանց տրամադրել է հանրային կացարաններ։ Պետական դպրոցները իբրև հանրակացարաններ են տրամադրվել փախստականներին»,-նշեց նա։

Շահան Գանտահարյանի խոսքով՝ այս պահին իսրայելական ցամաքային զորքերի կողմից լայնածավալ ներխուժում չի իրականացվում, սակայն, այդուհանդերձ, այդ անվտանգության գոտին ձևավորելու համար դանդաղ տեղաշարժեր նկատելի են։  

Պատասխանելով հարցին, թե լիբանանյան կանոնավոր բանակը հակադարձո՞ւմ է արդյոք Իսրայելի զորքերի այդ դանդաղ ներխուժմանը՝ Գանտահարյանը բացասական արձագանք տվեց՝ շեշտելով, որ Լիբանանի բանակը հայտարարել է՝ երկիրը չի ուզում ներքաշել պատերազմի մեջ։  

«Այստեղ նաև շատ կարևոր հանգամանք կա, որ պաշտոնական Բեյրութի դիրքորոշումը տարբեր է, և երկրի նախագահը նոր նախաձեռնության է դիմել, որպեսզի հրադադար հաստատվի, շարունակում է ընդգծել այն անհրաժեշտությունը, որ «Հեզբոլլահ»-ը պետք է ապառազմականացվի և զբաղվի միայն քաղաքական գործունեությամբ։ Այդուհանդերձ, իհարկե, տարակուսելի է այս որոշման գործադրելիությունը՝ նկատի ունենալով «Հեզբոլլահ»-ի ռազմական ուժը, կարողությունը։ Այս առումով, կարծում եմ, սա ուղերձ է պաշտոնական Բեյրութի կողմից՝ հիմնականում ուղղված միջազգային լսարանին»,-նշեց միջազգայնագետը։  

Տեսակետ արտահայտելով ընդհանուր իրավիճակի հնարավոր հանգուցալուծումների վերաբերյալ՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ իրադրության լիցքաթափումը մեծապես կախված կլինի Իրանի շուրջ գործընթացներից։  

«Կարծում եմ, որ Լիբանանը, չնայած 2-րդ թեժ կետն է, բայց ածանցյալ կարգավիճակում է, այսինքն՝ մինչև մեծ պատերազմում (խմբ․՝ խոսքն Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների մասին է) համաձայնություն չլինի հրադադարի կամ ընդհանրապես բանակցությունների գնալու շուրջ, ապա այստեղ շարունակվելու է։ Բավականին բարդ է կանխատեսելը․ Իրանի նկատմամբ դրված են ոչ միայն ուրանի հարստացումից հրաժարվելու պահանջներ, այլև խնդիր է դրված ընդհանրապես վերասահմանել Թեհրանի դերակատարությունը տարածաշրջանում, ինչի դիմաց Իրանը պահանջելու է իր դեմ սահմանված պատժամիջոցների վերացում և տնտեսական ապաշրջափակում։ Կարծում եմ՝ այս կամ այլ բանաձևի շուրջ հնարավոր կլինի, գուցե, փուլ առ փուլ գալ համաձայնությունների»,-եզրափակեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 10-ից ավելի զոհի մասին, ամերիկյան կողմից զոհվել է 7 զինծառայող։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրները հայտնել են, ընդհանուր առմամբ, շուրջ 25 զոհի մասին։

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից երկրի դեմ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում