Վերլուծություն

Գազայի շուրջ հրադադարն այդքան էլ չի բխում Նեթանյահուի շահերից, քանի որ դրանով նա կարող է կորցնել իշխանությունը. Շահան Գանտահարյան

7 րոպեի ընթերցում

Գազայի շուրջ հրադադարն այդքան էլ չի բխում Նեթանյահուի շահերից, քանի որ դրանով նա կարող է կորցնել իշխանությունը. Շահան Գանտահարյան

Միջազգայնագետ, Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այն կարծիքին է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ինչպես Լիբանանի, այնպես է Գազայի հատվածի ուղղությամբ ռազմական գործողությունների ակտիվացումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հանգամանքներով․ ներքինի դեպքում դա կապված է երկրում իշխանությունը պահելու, իսկ արտաքինի դեպքում Իսրայելին անմիջականորեն սպառնացող վտանգների չեզոքացման հետ։  

Գանտահարյանը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանի, Գազայի հատվածի, Իսրայելի և Սիրիայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Խոսելով Լիբանանի հարավային շրջաններում տիրող իրավիճակից, ինչպես նաև Իսրայելի զինված ուժերի կողմից այդ տարածքներում ռազմական գործողությունների վերսկսումից՝ միջազգայնագետը մատնանշել է, որ Թել Ավիվի կողմից այդ գործողությունները վերսկսվել են Իրանի հետ 12-օրյա պատերազմում հրադադարի հաստատումից անմիջապես հետո։  

«Իրանի հետ 12-օրյա պատերազմից հետո Իսրայելն իր ուշադրությունը վերստին սևեռեց Գազայի և Լիբանանի ուղղությամբ։ Նախ ասեմ, որ Լիբանանի դեպքում հարավային հատվածները ենթարկվում են թիրախային, սահմանափակ, բայց ուժգին հարվածների, ինչը խոսում է հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերի մասին՝ անօդաչու սարքերի տեսքով, հրթիռակոծումներով»,-նշել է նա։ 

Գանտահարյանի բնորոշմամբ՝ Իսրայելի այդ հարվածների նպատակը «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներն ու կարողությունները թուլացնելն է։ Նրա խոսքով՝ «Հեզբոլլահ»-ը այժմ նախկին կարողությունները չունի և որոշակիորեն նահանջել է նախկին դիրքերից։  

«Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում «Հեզբոլլահ»-ը չներքաշվեց։ Սա նշանակում է, որ իրավիճակ է փոխվել։ Բացի այդ, այժմ Լիբանանի հարավում փուլ առ փուլ իրականացվում է լիբանանյան զորքերի տեղակայման գործընթաց, որը հանգրվանային է»,- մանրամասնել է Շահան Գանտահարյանը։  

Անդրադառնալով Գազայի հատվածի շուրջ հնարավոր բանակցություններին՝ Գանտահարյանը նկատել է, որ դա Իսրայելի շահերից չի բխում։ 

«Կարծում եմ, որ չի բխում նախ ներքին առումով, որովհետև Բենիամին Նեթանյահուի վարչակարգը գիտակցում է, որ եթե հրադադար լինի և բանակցությունները սկսվեն, արդեն վարչակարգի կամ կառավարության առնվազն փոփոխության խնդիր կառաջանա, քանի որ իսրայելյան հասարակությունը դրա մասին խոսում է։ Այդ փոփոխությունները հնարավոր են նաև Պաղեստինի ներսում․ կողմերն, ի վերջո, կգնան բանակցությունների, և Գազայի վերաբերյալ հրադադար կլինի, բայց այդ դեպքում, կարծում եմ, և՛ Իսրայելի, և՛ ՀԱՄԱՍ-ի դեպքում վարչակարգի փոփոխություն կլինի»,-նշել է միջազգայնագետը։  

Նրա խոսքով՝ Գազայի հատվածի շուրջ խոսակցություններում միջազգային օրակարգ է վերադարձել 2 պետություն բանաձևի ընդունումը։  

«Հրադադարի հաստատվելուց հետո անպայման լինելու են բանակցություններ, գուցե, միջնորդավորված, բայց, այնուամենայնիվ, դրանք լինելու են, և Նեթանյահուն այս դեպքում իր վարչակարգի պահպանման խնդիրն է փորձում լուծել` չգնալով ամբողջական հրադադարի ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում։ Նա ժամանակ է ձգում, ժամանակ է շահում, որպեսզի կարողանա վերադասավորումներ անել, որովհետև, ի վերջո, Իսրայելի ներսում դժգոհությունը կարող է վերսկսվել»,-ընդգծել է Շահան Գանտահարյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Իսրայելը Լիբանանի հարավին հարվածներ է հասցնում՝ պատճառաբանելով, որ դրանք «Հեզբոլլահ»-ից դեռևս մնացած ռազմական օբյեկտների դե՞մ են՝ զրուցակիցը նկատել է, որ Թել Ավիվի կողմից օգտագործվում է նաև այդ պատճառաբանություն, սակայն մյուս կողմից չպետք է մոռանալ, որ «Հեզբոլլահ»-ի գոյությունն ու կարողությունները Իսրայելի համար սպառնալիք են համարվում՝ չնայած դրանք զգալիորեն նվազել են։  

«Այս ամենը մի մեծ աշխարհաքաղաքական գործընթացի մասնիկ է․ կարծում եմ նաև փոխկապակցված է Սիրիայում գրանցվող իրադարձությունների հետ, որովհետև Սիրիան, ըստ երևույթին, շտապում է, կամ էլ նրան շտապեցնում են՝ գնալու դիվանագիտական հարաբերությունների հաստատման Իսրայելի հետ։ Բայց սա շղթայական է լինելու, կարծում եմ, որովհետև Գազայի պատերազմից առաջ արաբական երկրները և Իսրայելը սկսել էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնություններ կնքել, ինչը, սակայն, առկախվել էր։ Հիմա արդեն որոշակի նախադրյալներ հուշում են, որ Գազայի հրադադարով կամ բանակցությունների վերսկսման գործընթացով նաև այդ գործընթացը կվերսկսվի, որովհետև հրապարակ է նետվում նաև Միացյալ Նահանգների կողմից առաջ մղվող Աբրահամյան ուխտը, Աբրահամյան դաշինքը, որն Իսրայելի անվտանգային հայեցակարգն է, որի մեջ ներառվում են նաև շրջապատող երկրների հետ նորմալ, խաղաղ գոյակցությունը։ Հետևաբար,  հիմա հերթը մոտեցնում են Սիրիային»,-նշել է Շահան Գանտահարյանը։ 

Նրա խոսքով՝ մի կողմից անվտանգային սպառնալիքները չեզոքացնելը կարևորագույն խնդիր է Իսրայելի համար, մյուս կողմից առկա է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության առանցքը կազմող տնտեսական շարժառիթների փիլիսոփայությունը։ 

«Միացյալ Նահանգներն իր բյուջեից հսկայական գումարներ է տրամադրում Իսրայելի անվտանգային համակարգը, պաշտպանական համակարգը գերարդիական գործիքակազմերով և զինապաշարներով լրացնելու համար։ Եթե խաղաղությունը լինի, այդ դեպքում Իսրայելին տրամադրվող օգնությունը կկրճատվի։ Բյուջեի կրճատման կամ նոր եկամուտների ապահովման թրամփյան այս փիլիսոփայությունը, կարծում եմ, պետք է ընկալել տարածաշրջանում քաղաքական քարտեզի վերագծման, դերերի վերասահմանման և վերաիմաստավորման տեսանկյունից»,-եզրափակել է Շահան Գանտահարյանը։

Վերջին օրերին՝ հատկապես հունիսի 24-ին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմում հրադադարի հայտարարումից հետո, Թել Ավիվը վերսկսել է Գազայի հատվածի և Լիբանանի հարավային տարածքների ուղղությամբ հրթիռային հարվածները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում