Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն արդեն վեցերորդ գիշերը շարունակ հարվածներ է հասցրել Իրանին։ Երկրում կան զոհեր։ Հարվածների տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածների նպատակն էր «էլ ավելի նվազեցնել Իրանի ռազմական կարողությունները» և պատասխանատվության ենթարկել Իրանին «առևտրային նավագնացության վրա վերջին հարձակումների համար»։
Ըստ X-ում տարածված հաղորդագրության՝ հարվածի են ենթարկվել տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ափամերձ հսկողության և հակաօդային պաշտպանության կայանքներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ և ծովային կարողություններ։
CENTCOM-ը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքում է գտնվում ամերիկացի ավելի քան 50 000 զինծառայող։
Միևնույն ժամանակ շարունակվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 3 առևտրային նավ, որոնք փորձել են ճեղքել շրջափակումը, հարվածել են 1 նավի, որը չի հետևել հրահանգներին, և բարձրացել են 1 նավի տախտակամած։ CENTCOM-ը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մյուս նավերի համար։
Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքների։ Նշվում է, որ թիրախավորվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Իրանշահրի օդանավակայանը, Բանդար Խամիրում գտնվող երկաթուղային մեկ կայարան, ինչպես նաև հինգ կամուրջ։ Ըստ IRNA գործակալության՝ երկրում ամերիկյան հարվածներից 7 մարդ է զոհվել։
Ամերիկյան հրթիռները նաև հարվածել են Ղեշմ կղզու մերձակայքին և Բանդար Աբբասին։
Իրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները։ Օմանում հարվածի է ենթարկվել ամերիկյան ռադարային երկու կայանք։ Հորդանանն իր հերթին հայտնել է իրանական երեք հրթիռ խոցելու մասին։ Կատարը ևս նշել է, որ կանխել է հրթիռային հարձակումը։ Դոհայում AFP գործակալության թղթակիցները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։ Ըստ Reuters գործակալության՝ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ երեխա բեկորային վնասվածք է ստացել։