2024-2025-ի ձմեռը դարձել է ամենաչորը՝ սկսած 1935 թվականից. Լևոն Ազիզյան
2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում 2024-2025 թվականների ձմռան տեղումների միջին քանակը կազմել է 55 մմ, որը նորմայի 49 տոկոսն է։ 2024-2025 թվականների ձմեռը հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ 1935 թվականից սկսած դարձել է ամենաչորը։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հատկապես չոր է եղել հունվարը, երբ ամսական միջին տեղումների քանակը կազմել է նորմայի 18 տոկոսը։ Այն երկրորդ չոր հունվարն է եղել 1999 թվականից հետո։ Ինչ վերաբերում է ձևավորված ձնածածկույթին, ապա 2025 թվականի մարտի 25-ի դրությամբ ձնածածկույթ առկա է եղել միայն 1800 մետրից բարձր շրջաններում, բացառությամբ Լոռու, Տավուշի առանձին հատվածներում։ Արագած բարձր լեռնային կայանի տվյալների համաձայն, որը գտնվում է 3229 մետր բարձրության վրա, ձնածածկույթը կազմել է 168 սմ, ինչը 40-50 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Կուտակված ձյան պաշարները վարարումների ժամանակաշրջանում կձևավորեն նորմայից բացասական շեղումով հոսքի ծավալներ։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները կանխատեսվում է նորմայից ցածր՝ մինչև 90 տոկոսի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակում։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածքների համար հնարավոր են ջրածածկումներ։