Քաղաքականություն

Վիետնամն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Վիետնամն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով Հայաստան այցելելու համար: Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ շատ տպավորված է Հայաստան այցով:

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա:

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան՝ Չան Թան Մանը նշել է, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը: Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին:

Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԺ նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում