Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր խմբավորում կժամանի Մերձավոր Արևելք

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր խմբավորում կժամանի Մերձավոր Արևելք

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի է տեղափոխում ավիակիր հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փառնելը։

«Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պլանային զորավարժությունների ավարտից հետո ավիակիր հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, կժամանի CENTCOM-ի գոտի՝ շարունակելու աջակցությունը տարածաշրջանային կայունությանը, ագրեսիայի զսպմանը և տարածաշրջանային առևտրային ուղիների պաշտպանությանը», - ասվում է Փառնելի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ այդ խնդիրները կատարելու և «ուժի օգնությամբ խաղաղության հասնելու նախագահի ցուցումներին համապատասխան», պաշտպանության նախարարի հրամանով տարածաշրջանում է մնում ավիակիր հարվածային խումբը՝ «Հարի Թրուման» ավիակրի գլխավորությամբ։

CENTCOM-ի պատասխանատվության գոտու մեջ մտնում են Մերձավոր Արևելքը, Արևելյան Աֆրիկան ​​և Կենտրոնական Ասիան:

Միացյալ Նահանգներն «առաջվա պես հավատարիմ է մնում տարածաշրջանային անվտանգությանը Կենտրոնական հրամանատարության գոտում և պատրաստ է արձագանքել ցանկացած պետական ​​կամ ոչ պետական ​սուբյեկտի գործողություններին, որը ձգտում է ընդլայնել կամ սաստկացնել հակամարտությունը տարածաշրջանում», - հայտարարել է Փառնելը:

Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը «հստակ հայտարարում է, որ եթե Իրանը կամ նրա պրոքսիները սպառնան ամերիկյան անձնակազմին և տարածաշրջանային շահերին, ապա Միացյալ Նահանգները վճռական գործողություններ կձեռնարկի իր քաղաքացիներին պաշտպանելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում