Անցած տարի ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 6․4 տրիլիոն դրամ. ՓՄՁ-ների համար ֆինանսավորումը կլինի շարունակական և հասանելի
5 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում տեղի ունեցավ Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովը, որին ներկա էին ֆինանսական ոլորտում գործող բանկերի ներկայացուցիչները, ՀՀ կառավարության անդամներ ու ԱԺ պատգամավորներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն իր ելույթում նշեց, որ ՓՄՁ ոլորտը հանդիսանում է տնտեսության հիմքը՝ ապահովելով աշխատատեղեր, նորարարական լուծումներ և կայուն տնտեսական աճ, թեև ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը շարունակում է մնալ առանցքային մարտահրավեր։
«ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի առևտրային բանկերի դերակատարումն անգնահատելի է, քանի որ նրանց ջանքերն ուղղված են ֆինանսական կայունության միջավայրի ձևավորմանը, որտեղ ֆինանսավորումը կլինի կանխատեսելի, շարունակական և հասանելի ՓՄՁ-ների համար, և կդառնա նրանց կայուն զարգացման հուսալի խթան։ Վիճակագրական տվյալներն էլ են փաստում այդ մասին՝
2024թ.-ի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 6․4 տրիլիոն ՀՀ դրամ, որից շուրջ 3․1 տրիլիոն ՀՀ դրամը տնտեսության, իրավաբանական անձանց տրված վարկերն են, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 1.6 տրիլիոն ՀՀ դրամ: Գերմանահայկական հիմնադրամի մասով 2024թ․ ի վերջի դրությամբ ՓՄՁ-ների վարկավորման մնացորդային ծավալը կազմել է 174 միլիարդ ՀՀ դրամ (11% ընդհանուր իրավաբանական անձանց տրամադրված վարկերից), քանակ՝ 13,336 վարկ։ Իսկ ծրագրի մեկնարկից՝ 1998 թվականից սկսած վարկավորման ծավալը կազմել է 880․5 միլիարդ ՀՀ դրամ, քանակը՝ 129,490 վարկ»,- նշեց Ազատյանը:
«Գերմանա-հայկական հիմնադրամ»-ը հիմնադրվել է 1998 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ֆինանսական համակարգին' արտաքին եւ ներքին աղբյուրներից ստացված միջոցները ուղղելով տնտեսության որոշակի հատվածների զարգացմանը:
Ազատյանը հավելեց, որ Միջազգային ֆինանսական հաստատությունների, մասնավորապես KfW բանկի և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համագործակցությունը մեծ հնարավորություն է ընձեռում առևտրային բանկերին նոր ֆինանսական գործիքներ առաջարկելու համար։ Գլխավոր նպատակն է թիրախային ֆինանսավորման ապահովումը և վարկավորման մշակույթի ձևավորումը, որտեղ առևտրային բանկերը հանդիսանում են տեղայնացման առանցքային օղակ։
«Հայաստանում KfW-ի աջակցությամբ իրականացված վարկային ծրագրերը զգալի ազդեցություն են ունեցել ՓՄՁ-ների ֆինանսավորման վրա՝ ապահովելով մատչելի ռեսուրսներ, բարելավելով վարկային պայմանները և մեծացնելով ձեռնարկությունների ներդրումային հնարավորությունները։ Ծրագրերը կարևոր են ոչ միայն առանձին բիզնեսների զարգացման, այլև տնտեսության ամբողջական աճի ապահովման գործում»,- նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։
Ազատյանը հավաստիացրեց, որ Բանկերի միությունը իր լիազորությունների շրջանակում պատրաստ է նպաստել բիզնեսի երկխոսության մշակույթի զարգացմանը։ Այդ նպատակով նախաձեռնվել է միջոցառումների շարք ՀՀ մարզերում, որոնք կանցկացվեն տարեկան 2-3 անգամ, տարբեր ձևաչափերով, և այսօրվա համաժողովը հանդիսանում է այդ նախաձեռնության առաջին քայլը և հետապնդում է հետևյալ նպատակները․ ներկայացնել ՀՀ բանկերի սեփական ռեսուրսներով և տարբեր միջազգային ծրագրերով իրականացված ՓՄՁ վարկավորման ծրագրերը և դրանց արդյունավետությունը, ապահովել հանրային լայն շրջանակների իրազեկվածությունը հաջողված բիզնես պատմությունների մասին, ներկայացնել ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները՝ թվայնացման և տեխնոլոգիական նորարարությունների միջոցով, լսել ՓՄՁ-ներին մտահոգող հարցերը, տեղյակ լինել նրանց բիզնես նախաձեռնությունների առաջնահերթություններին, ևս մեկ անգամ ներկայացնել ֆինանսական գրագիտության և կառավարման հմտությունների զարգացման կարևորությունը, մրցունակ բիզնես միջավայր ստեղծելու հնարավորությունները։
«Այս նպատակներին հասնելու համար Հայաստանի բանկերի միությունը, կարևորելով միջազգային ծրագրերի, ՓՄՁ-ների, բանկերի, մարզային կառույցների ներկայացուցիչների միաժամանակյա մասնակցությունը համաժողովներում, ցանկանում է ստեղծել համագործակցության և երկխոսության նոր մշակույթ, որը հնարավորություն կտա իրականացնել կարծիքների և փորձի փոխանակում, ներկայացնել հաջողված պատմություններ, վերլուծել առկա մարտահրավերները»,- եզրափակեց Հայաստանի բանկերի միության նախագահը։