Հայ-չինական բարեկամության ամրապնդումը սկսվում է դպրոցից

7 րոպեի ընթերցում

Հայ-չինական բարեկամության դպրոցը կրթության և մշակույթի ինքնատիպ կամուրջ է դարձել իրարից հազարավոր կիլոմետրերով բաժանված երկու պետությունների միջև: Հիմնադրմանը հաջորդած 7 տարիների ընթացքում այս կրթօջախի աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է. հարյուրավոր հայ դպրոցականներ ամեն օր համակարգված ուսանում են հեռավոր բարեկամ Չինաստանի լեզուն և հաղորդակցվում են այդ երկրի յուրօրինակ ու խորհրդավոր մշակույթին:

Հայ-չինական բարեկամության դպրոցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեր երկրում Չինաստանի այն ժամանակվա դեսպան Թիեն Էրլունի, ՀՀ այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Համատեղ այս բացառիկ նախագծի իրականացման համար (ներառյալ դպրոցի կառուցումն ու կահավորումը), ըստ պաշտոնական տվյալների, հատկացվել է ավելի քան 12 մլն դոլար: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող դպրոցը զբաղեցնում է 14 հազար քառակուսի մետր տարածք: Այն ունի տարբեր լաբորատորիաներ, լեզվի ուսուցանման հատուկ դասասենյակներ, գրադարան, համակարգչային լսարաններ, պարասրահ, մարզադահլիճ  և, նույնիսկ, մշակութային կենտրոն ու Չինաստանին նվիրված թանգարան: 

Ստեղծման պահին, ինչպես «Արմենպրես»-ին պատմեց դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը, ուսումնական այս հաստատությունն ուներ 5-12-րդ դասարանների 408 աշակերտ, որոնցից 76-ը տեղափոխվել էին այստեղ նախկինում գործած թիվ 103 ավագ դպրոցից, իսկ 332-ը միացել էին՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությանը:

«Ի սկզբանե դասարանները համալրված էին 16-ական աշակերտներով, սակայն հետագայում հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ԿԳՄՍ նախարարի թույլտվությամբ կարողացանք նրանց թիվը հասցնել 18-ի: Հիմա դպրոցում գործում է 39 դասարան, որոնցում ուսանում է 700 աշակերտ»,- ներկայացրեց տնօրենը:

Ըստ մեր զրուցակցի՝ դպրոցի նկատմամբ հանրային հետաքրքրվածության շարունակական աճի արդյունքում տարեցտարի ավելանում է աշակերտների թիվը, հետևաբար, նաև դասարանների քանակը: Սպարտակ Վարդանյանը համոզված է, որ ավելի մեծ տարածքի և դասարանները համալրելու հնարավորությունների առկայության պարագայում հնարավոր է կրկնապատկել աշակերտների թիվը:

Նա հպարտությամբ նշեց, որ այս դպրոցը բացառիկ է Հարավային Կովկասում այն առումով, որ այստեղ ուսուցանվող թիվ մեկ օտար լեզուն չինարենն է: «Դա խիստ արդիական է՝ հաշվի առնելով Չինաստանի, նրա լեզվի, մշակույթի, տնտեսության և մյուս ոլորտների նկատմամբ հարաճուն հետաքրքրությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև հայ-չինական հարաբերությունների զարգացումն ու խորացումը»,- ընդգծեց Սպարտակ Վարդանյանը:

9-րդ դասարաններում չինարենը դասավանդվում է շաբաթական 3 ժամ, իսկ ավագ դասարաններում՝ 4 ժամ ծանրաբեռնվածությամբ: 12-րդ դասարանի այն աշակերտները, որոնք մտադիր են հետագայում ուսումը շարունակել Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ չինարենի դասավանդմամբ հայկական բուհերում, երկրորդ կիսամյակից հնարավորություն ունեն շաբաթական մինչև 8-10 դասաժամ հղկել և խորացնել իրենց լեզվական գիտելիքները:

Դպրոցում չինարեն դասավանդում է 6 ուսուցիչ՝ 4 հայ և 2 չինացի: Սպարտակ Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը, դրսևորելով բարի կամք, յուրաքանչյուր տարի հայրենիքից կամավորության սկզբունքով հրավիրում է երկուական ուսուցիչների, որոնք դասավանդում են երևանյան դպրոցում: Նրանց վարձատրությունն իրականացնում է չինական կողմը:

Այստեղ ընդհանուր առմամբ աշխատում է 63 ուսուցիչ (բոլոր առարկաների գծով), որոնց գերակշիռ մեծամասնությունն անցել է կամավոր ատեստավորում: Մնացած բոլոր առարկաների դասավանդումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած ծրագրերին և նորմատիվ ակտերին համապատասխան: Ի դեպ, դպրոցում չինարենից բացի դասավանդվում են նաև անգլերեն և ռուսերեն: 

Իսկ ֆիզկուլտուրայի բարվոք և կահավորված դահլիճը թույլ է տալիս դասերը դարձնել ավելի աշխույժ և նպատակային: Ավելին՝ աշակերտական խորհուրդը գրեթե ամեն տարի բասկետբոլի և վոլեյբոլի ներդպրոցական առաջնություններ է կազմակերպում միջին և ավագ դասարանների սովորողների մասնակցությամբ: Այս տարի ծնողների աջակցությամբ կազմակերպվել է անգամ ըմբշամարտի մրցաշար: Ուսուցիչներին հնարավորություն է տրվել մրցելու սեղանի թենիսում:

Սպարտակ Վարդանյանը հավաստիացրեց, որ հայ երեխաները բավականին հեշտ են յուրացնում չինարենը:

«Նրանք սպունգի պես կլանում են այս բարդ լեզվի 4 տոնայնությունների հնչյունաբանությունը: Ամեն ինչ շատ սահուն և լավ է ստացվում: Այն աստիճան, որ ամեն տարի մեր դպրոցի շուրջ 10 շրջանավարտ ցանկություն է հայտնում ուսանելու Չինաստանի տարբեր բուհերում: Նրանք անմիջական նամակագրությամբ կապ են հաստատում նախընտրած բուհի հետ, ծանոթանում են առաջարկվող պայմաններին, իրենց պայմաններն են առաջարկում, ստանում են առաջարկներ և, գալով ընդհանուր հայտարարի, մեկնում են ուսանելու: Մեր աշակերտուհիներից երկուսը հայտնել են, որ ուսումն ավարտելուց հետո ցանկանում են հարազատ դպրոցում աշխատել որպես չինարեն լեզվի ուսուցիչ»,- պատմեց տնօրենը:

Չինաստանի դեսպանատունը մշտապես ուշադիր է դպրոցի նկատմամբ: Դեսպանատան աշխատակիցները հաճախակի են այցելում, արձագանքում են ցանկացած խնդրանքի և խնդրի, հանդես են գալիս սեփական առաջարկություններով, լսում պատասխան կարծիքներ: Ի դեպ, նորակառույց շենքի սպասարկումն ապահովելու համար դեսպանատունը նույնիսկ երկու ինժեներների էր հրավիրել Չինաստանից, որոնք  2018-20 թվականներին իրենց անմիջական գործառույթներին զուգահեռ նաև հայ մասնագետներին փոխանցեցին սպասարկման ընթացակարգերի վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները: Այժմ դպրոցի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ապրիլի 9-ին նախատեսված միջոցառմանը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացնելու են չինական պոեզիայի «ոսկե» ժամանակաշրջանի՝ VII դարի ստեղծագործություններ: Հրավիրված հանդիսատեսների թվում են լինելու Չինաստանի դեսպանատան և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: 

Ընդհանրապես, տարբեր միջոցառումները Հայ-չինական բարեկամության դպրոցում արդեն դարձել են բարի ավանդույթ՝ վերածվելով դպրոցական կյանքի անբաժանելի մասի: Ինչպես նշեց տնօրենը, նորարարություններն ու համարձակ նախաձեռնություններն այստեղ միայն ողջունվում են:

Հայերեն Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի