Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Սիմոն Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին
3 րոպեի ընթերցում

Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (IPHR) կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին կասկածներ ունի, որ միայն խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարող է կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան։
Սիմոն Պապուաշվիլին այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը վերջին տարիներին բազմիցս ցույց է տվել, որ անտեսում է իր միջազգային պարտավորությունները։
«Ես սկեպտիկորեն եմ վերաբերվում Ադրբեջանի հետ այս պահին ցանկացած խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարին։ Ալիևի ռեժիմը վերջին տարիներին բազմիցս անտեսել է իր միջազգային իրավական պարտավորությունները, և ես խորապես կասկածում եմ, որ միայն խաղաղության համաձայնագիրը կկարողանա կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան Հայաստանի դեմ։ Փոխարենը, ես համոզված եմ, որ Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ անվտանգության երաշխիքներ իր եվրոպական դաշնակիցներից, որոնք պետք է ներառեն երկրի պաշտպանական և ռազմական կարողությունների ամրապնդումը՝ հետագա ադրբեջանական հարձակումները զսպելու համար», - ասել է Սիմոն Պապուաշվիլին՝ ցավով արձանագրելով, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ միջազգային հարաբերություններում ուժի կիրառումը շարունակում է մնալ միակ իրական ազդեցիկ լեզուն։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։