Կրթությունը ոչ միայն մասնագիտություն ունենալու և որևէ հմտություն կիրառելու ճանապարհ է, այլև հանրային զարգացման կարևոր շերտ. ԿԳՄՍ նախարար

8 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Հաջողակ կարիերայի բանաձևը» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային հեռանկարի և մասնագիտական հաջողության վերաբերյալ քննարկումներում ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներին արձագանքելն ու երկխոսության ծավալումը:

Ինչպիսի՞ կրթությունը կարող է նպաստել մասնագիտական զարգացմանն ու կարիերայի առաջընթացին

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության համակարգում փոփոխություններն ահռելի են, և ամբողջ աշխարհում այս համակարգը կանգնած է վերաիմաստավորման խնդրի առաջ: Մասնավորապես՝ բազմաթիվ վերլուծություններ կան, թե տեխնոլոգիական զարգացման միտումների համատեքստում ինչպես է փոխվում մասնագիտությունների ցանկը: Ըստ այդմ՝ որոշ մասնագիտություններ արդեն արդիական չեն, ինչը, նախարարի գնահատմամբ, շատ լուրջ մարտահրավեր է բուհական համակարգի համար: 

«Կարծում եմ՝ պետք է վերափոխենք կրթությունը ստանալու մեր հարացույցը: Պետք է ավելի շատ շեշտադրում անել հմտությունների ձևավորման, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և անհրաժեշտ գիտելիքներ ձեռքբերելու ուղղությամբ: Այս հանգամանքով պայմանավորված` կրթության ոլորտի բարեփոխումներում առանցքային նշանակություն է տրվում կարողունակությունների ձևավորմանը, որոնցից ամենակարևորը սովորել սովորեցնելու կարողունակությունն է:  Այսինքն` պետք է ցանկացած իրավիճակում հասկանալ, թե որտեղ ու ինչպես փնտրել, ինչպես և ինչ նոր գիտելիք ստանալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կարևոր է նաև ընդունել, որ կրթության գործընթացը երբեք չի ավարտվում, այլ անընդհատ շարունակվում է:

«Պետք է ընդունել, որ որոշ իրավիճակներում մենք ամեն ինչ չէ, որ գիտենք: Երբ կարողանում ենք  ընդունել այս իրողությունը, նաև լուծումների ճանապարհն ենք գտնում: Մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն էլ աշխատանքի և կյանքի հավասարակշռումն է: Պետք է յուրաքանչյուրս հասկանանք, թե որն է մեզ համար լավագույն հավասարակշռությունը, և ինչպես պետք է համատեղել աշխատանքային առաջընթացը կյանքի մյուս նպատակների հետ: Սա, ամենևին, հեշտ հարց չէ, բայց կարծում եմ՝ լավագույն լուծումներից մեկը սիրած աշխատանքով զբաղվելն է: Պետք է կատարել այն աշխատանքը, որը սիրում եք, որից հաճույք եք ստանում»,- դիմելով ուսանողներին՝ ասել է նախարարը:

Պանելային քննարկման մյուս բանախոսները ևս կարևորել են հիմնարար պատրաստվածությունը:

Ոչ ֆորմալ կրթությունը փոխլրացնո՞ւմ է ակադեմիական կրթությանը

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ակադեմիական կրթության և տարատեսակ հմտություններին ուղղված կրթության հարաբերակցությունը ժամանակի ամենաթեժ բանավեճերից է: ԿԳՄՍ նախարարը, այդուհանդերձ, ընդգծում է՝ երկընտրանքն արդեն իսկ սխալ է:

«Կարծում եմ՝ ակադեմիական կրթությունը և ոչ ֆորմալ կրթությունը ոչ թե պետք է մեկը մյուսին բացառեն, այլ՝ լրացնեն: Հասել ենք մի իրավիճակի, որ ակադեմիական կրթությունը, համատարած գրաճանաչությունը և որոշակի բազային գիտելիքը դարձել են համընդհանուր հասանելի, և մենք սկսում ենք մտածել, որ կարելի է առաջ գնալ նաև առանց դրա: Իրականում, կարևոր է հիշել՝ կրթությունը հանրային բարիք է: Կան բազմաթիվ հետազոտություններ, թե ինչպես է փոխվում հանրությունը՝ կախված կրթական տարբեր մակարդակներ ունեցող մարդկանց համամասնությունից: Կան հետազոտություններ, որոնց ցույց են տալիս՝ հանցագործություններն էապես աճում են, եթե տվյալ բնակավայրում բարձրագույն կրթություն ունեցողների համամասնությունը 3%-ից ցածր է: Նույնը վերաբերում է աղքատության ցուցանիշներին: Այսինքն՝ կրթությունը ոչ միայն մասնագիտություն ունենալու և որևէ հմտություն կիրառելու ճանապարհ է, այլև հանրային զարգացման կարևոր շերտ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ հմտությունների ուսուցանումը հնարավոր է միայն ֆունդամենտալ ակադեմիական գիտելիքների առկայության պարագայում:

Բանախոսներն ընդգծել են՝ ակադեմիական կրթությունը շատ կարևոր է, բայց նաև պետք է մշտապես աշխատել սեփական հմտությունների և գիտելիքների զարգացման ուղղությամբ: 

Արհեստական բանականությունը մարտահրավե՞ր է, թե՞ հնարավորություն

Պանելային քննարկման բանախոսներն ընդգծել են՝ այն մասնագետները, որոնք կկարողանան իրենց մասնագիտության մեջ համադրել արհեստական բանականության գործիքներ, աշխատաշուկայում կունենան մրցակցային առավելություն: Ընդ որում՝ սա գլոբալ միտում է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս բանավեճը նոր չէ, և եթե նայենք գիտության զարգացման պատմությանը, կտեսնենք, որ պատմության յուրաքանչյուր փուլում շ նորարարություններն առաջ են բերել նմանօրինակ բանավեճեր:

«Դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում, թե ինչպես կարող է արհեստական բանականության գործիքակազմի ներդրմամբ փոխվել  հանրային և տնտեսական հարաբերությունների վարքականոնը, և այդ անորոշությունը, բնական է, մտավախությունների տեղիք է տալիս: Տեխնոլոգիական զարգացման դեմ պայքարելն անօգուտ և սխալ է: Բայց ռեֆլեքսիան, մտածված մոտեցումն ու տարբեր իրավիճակներում գործելու ճկունությունը կարևոր են, և պետք է պատրաստ լինել տարաբնույթ սցենարների»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մասնավորի հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև բուհերի կողմից մրցունակ մասնագետների պատրաստմանը:

ԿԳՄՍ նախարարը մի քանի հիմնական խնդիր է արձանագրել` ընդգծելով, որ  կրթություն-տնտեսություն կապը երկկողմանի հարաբերություն է ենթադրում: 

Ըստ Ժաննա Անդրեասյանի` մասնավոր ոլորտի գործատուները պետք է հստակ պատկերացնեն, թե որ աշխատանքի համար ինչ որակավորմամբ մասնագետ է անհրաժեշտ տնտեսությանը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է «Edu2work» հարթակը, որը նպատակ ունի միավորելու կրթական համակարգը և աշխատաշուկան։

«Ընդունելով, որ բուհական կրթությունը մրցունակության տեսանկյունից բավականին խնդրահարույց է, պետությունը նախաձեռնել է բարձրագույն կրթության բովանդակային բարեփոխումների գործընթացը: Պետության կողմից ըստ մասնագիտությունների տրամադրվող կրթաթոշակային տեղերն ու անվճար տեղերը պետք է հենվեն որոշակի վերլուծության վրա, և այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով բուհերի հետ համատեղ աշխատանքը:

Հանդիպման ընթացքում պանելային քննարկման բանախոսները անդրադարձել են մի շարք  հարցերի, պատասխանել ՀՊՏՀ ուսանողներին հարցերին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում