Գեղարքունիքում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ներկայացվել է երրորդ բեմադրությունը
1 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպվել է երրորդ ներկայացումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, հերթական բեմադրությունը դիտելու է հրավիրվել կրտսեր հանդիսատեսը։
Թատրոնի բեմում հյուրախաղով հանդես են եկել Երևանի Խամաճիկների թատրոնի դերասանները՝ «Փոքրիկն ու Կառլսոնը» մանկական բեմադրության ներկայացմամբ, որի ռեժիսորն Աննա Էլբակյանն է։
Թատրոն են այցելել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների հանրակրթական հաստատությունների ավելի քան 300 դպրոցականներ, նախադպրոցական տարիքի երեխաներ, մշակութային հաստատությունների սաներ, որոնց ուղեկցել են մանկավարժներ և ծնողներ։
Փոքրիկներին մեծ հիացմունք են պատճառել բեմադրության հերոսները, իսկ վերջում նրանք միասին լուսանկարվել են։
Համաձայն հայտարարված թատերական երկամսյակի ժամանակացույցի՝ ներկայացումները կշարունակվեն ներկայացվել մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։
Նախաձեռնությանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։