Իրանն առաջիկա օրերին կպատասխանի Թրամփի նամակին. Արաղչի
2 րոպեի ընթերցում

Թեհրանն առաջիկա օրերին համապատասխան խողովակներով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ելույթ ունենալով Իրանի ազգային հեռուստատեսության եթերում:
Նա նշել է, որ նամակն ավելի շատ սպառնալիքներ է պարունակում, քան ենթադրյալ օգուտներ։ Արաղչիի խոսքով՝ Իրանի «քաղաքականությունը հստակ է, առայժմ ուղիղ բանակցություններ չեն կարող լինել». Թեհրանը մերժում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները սպառնալիքների և առավելագույն ճնշման ներքո։ Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։
Արաղչին նաև ասել է, որ Իրանը նախորդ բանակցությունների տարբեր փուլերում անուղղակիորեն բանակցություններ է վարել եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ միջուկային համաձայնագրի (ԳՀՀԾ) վերածննդի շուրջ՝ մատնանշելով, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ քննարկելով միջուկային համաձայնագրի հարցը։
Mehr գործակալության փոխանցամբ՝ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն ուղղված նամակի, ընդգծել է, որ նամակի բովանդակությունն առայժմ չի հրապարակվի։ Նա նշել է, որ ուղարկված նամակը «վերանայվում է» պատկան մարմինների կողմից՝ հավելելով, որ «համապատասխան պատասխան կտրվի պատեհ ժամանակին և երկրի լավագույն շահերից բխող ձևով»։
Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անուար Գարգաշը և նրան ուղեկցող էմիրաթյան պատվիրակությունը ժամանել էին Իրան և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ նրան էին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։