Բրազիլիան վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին աջակցելու դիրքորոշումը

4 րոպեի ընթերցում

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ​​ջանքերին աջակցելու Բրազիլիայի դիրքորոշումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Բրազիլիայի ԱԳ նախարարի հայտարարությունում:  

Վիեյրան Միրզոյանի հետ հանդիպումը  գնահատել է շատ արդյունավետ:

«Բրազիլիան և Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերությունները և բաց երկխոսությունը: Հավատացած ենք, որ մեր հարաբերություններին ավելի մեծ դինամիկա հաղորդելու ներուժ կա, և նախարար Միրզոյանի այցը կարևոր հանգրվան է այս առումով»,–նշել է նա:

Բրազիլիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր:

Ընդգծվել է նաև Բրազիլիայի հայ համայնքի կարևորությունը, նրանց զգալի ներդրումը երկրի տնտեսական և մշակութային զարգացման գործում։ 

Ինչ վերաբերում է երկու երկրների առևտրային հարաբերություններին, ապա ԱԳ նախարարները նկատել են, որ Բրազիլիայի և Հայաստանի միջև առևտուրը վերջին երկու տարիներին աճի նշաններ է ցույց տվել։ Այն այժմ գերազանցում է մինչ կորոնավիրուսի համաճարակն արձանագրված մակարդակը։ Կողմերը, այնուամենայնիվ, ավելի մեծ աճի և առևտրային օրակարգի ավելի մեծ դիվերսիֆիկացիայի հնարավորություն են տեսնում: 

«Քննարկեցինք նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Ես մեծ հետաքրքրությամբ լսեցի Հայաստանի կառավարության տեսակետները Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանին վերահաստատեցի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ​​ջանքերին աջակցելու Բրազիլիայի դիրքորոշումը: 

Ես նաև մեր գոհունակությունը հայտնեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում առաջընթացի առիթով և հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կշարունակվի նույն արդյունավետությամբ»,-ընդգծել է Վիեյրան: 

ԱԳ նախարարները քննարկել են նաև համաշխարհային աշխարհաքաղաքական լանդշաֆտի նոր մարտահրավերներն ու արագ փոփոխությունները։

Նրանք քննարկել են նաև բնապահպանական հարցերում երկու երկրների համագործակցությունը՝ հիշեցնելով, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը և Բրազիլիան կհյուրընկալեն այս ոլորտում կարևորագույն միջազգային երկու իրադարձությունները: 

Բրազիլիան այս նոյեմբերին Բելեմում կհյուրընկալի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP30-ը, իսկ Հայաստանը 2026 թվականին մայրաքաղաք Երևանում կընդունի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 

«Վերջում ես վերահաստատեցի մեր համոզմունքը, որ Բրազիլիան և Հայաստանը պետք է շարունակեն ամրապնդել իրենց առանց այն էլ ամուր բարեկամությունը և համագործակցությունը՝ մեր ժողովուրդների փոխադարձ շահի համար»,-նշել է Բրազիլիայի ԱԳ նախարարը:

Հայերեն English Español Русский

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը