Բրազիլիան վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերին աջակցելու դիրքորոշումը
4 րոպեի ընթերցում

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերին աջակցելու Բրազիլիայի դիրքորոշումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Բրազիլիայի ԱԳ նախարարի հայտարարությունում:
Վիեյրան Միրզոյանի հետ հանդիպումը գնահատել է շատ արդյունավետ:
«Բրազիլիան և Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերությունները և բաց երկխոսությունը: Հավատացած ենք, որ մեր հարաբերություններին ավելի մեծ դինամիկա հաղորդելու ներուժ կա, և նախարար Միրզոյանի այցը կարևոր հանգրվան է այս առումով»,–նշել է նա:
Բրազիլիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր:
Ընդգծվել է նաև Բրազիլիայի հայ համայնքի կարևորությունը, նրանց զգալի ներդրումը երկրի տնտեսական և մշակութային զարգացման գործում։
Ինչ վերաբերում է երկու երկրների առևտրային հարաբերություններին, ապա ԱԳ նախարարները նկատել են, որ Բրազիլիայի և Հայաստանի միջև առևտուրը վերջին երկու տարիներին աճի նշաններ է ցույց տվել։ Այն այժմ գերազանցում է մինչ կորոնավիրուսի համաճարակն արձանագրված մակարդակը։ Կողմերը, այնուամենայնիվ, ավելի մեծ աճի և առևտրային օրակարգի ավելի մեծ դիվերսիֆիկացիայի հնարավորություն են տեսնում:
«Քննարկեցինք նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Ես մեծ հետաքրքրությամբ լսեցի Հայաստանի կառավարության տեսակետները Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանին վերահաստատեցի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերին աջակցելու Բրազիլիայի դիրքորոշումը:
Ես նաև մեր գոհունակությունը հայտնեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում առաջընթացի առիթով և հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կշարունակվի նույն արդյունավետությամբ»,-ընդգծել է Վիեյրան:
ԱԳ նախարարները քննարկել են նաև համաշխարհային աշխարհաքաղաքական լանդշաֆտի նոր մարտահրավերներն ու արագ փոփոխությունները։
Նրանք քննարկել են նաև բնապահպանական հարցերում երկու երկրների համագործակցությունը՝ հիշեցնելով, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը և Բրազիլիան կհյուրընկալեն այս ոլորտում կարևորագույն միջազգային երկու իրադարձությունները:
Բրազիլիան այս նոյեմբերին Բելեմում կհյուրընկալի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP30-ը, իսկ Հայաստանը 2026 թվականին մայրաքաղաք Երևանում կընդունի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:
«Վերջում ես վերահաստատեցի մեր համոզմունքը, որ Բրազիլիան և Հայաստանը պետք է շարունակեն ամրապնդել իրենց առանց այն էլ ամուր բարեկամությունը և համագործակցությունը՝ մեր ժողովուրդների փոխադարձ շահի համար»,-նշել է Բրազիլիայի ԱԳ նախարարը: