Հայաստան

Համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով․ ՆԳ նախարարն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով․ ՆԳ նախարարն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել:

Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից նրանց համապատասխան գիտելիքներով վերազինումը և ծառայողների կարողությունների զարգացումը:

Քրիստինե Վայգանդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը ոչ միայն հանցավորության, իրավախախտումների կանխարգելման շրջանակներում, այլև աղետների ռիսկերի կառավարման, փախստականների ինտեգրման և մի շարք այլ հարցերում:

Քննարկվել են համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր: Ընդգծվել է, որ առաջիկայում կմեկնարկեն Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի վերապատրաստումները, ինչը թույլ կտա անչափահասների հետ տարվող աշխատանքների նոր մեթոդաբանությանը ծանոթացնել անձնակազմին։ Բացի այդ, ևս 20 խոշորացված համայնքում կիրականացվեն կլիմայական ռիսկերի գնահատման աշխատանքներ (արդեն իսկ իրականացվել է 26 խոշորացված համայնքում)։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել կառուցողական հարաբերությունները, ընդլայնել անչափահասների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմի մշակման, աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ համագործակցության ուղղությունները:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում