Հայաստան

Ասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանի նոր նախագծերի կյանքի կոչմանը

2 րոպեի ընթերցում

Ասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանի նոր նախագծերի կյանքի կոչմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար:

Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի ԱԶԲ-ի հետ նոր նախագծերի բավականին տպավորիչ փաթեթ, ինչը կարևոր ներդրում է քաղաքի բարեկեցիկ ու կայուն ապագայի համար՝ ենթակառուցվածքների արդիականացման և «կանաչ» նախաձեռնությունների միջոցով:

«Քաղաքաշինական ծավալուն ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար: ԱԶԲ աջակցությունն իր հերթին օգնում է մեզ՝ ձևավորել գրագետ և կենսունակ ներդրումային ծրագրեր ու հասցեագրել ֆինանսավորման խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:

Կողմերը նաև անդրադարձել են իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» առաջընթացին՝ երկուստեք հավաստելով, որ չնայած ի սկզբանե պլանավորված ժամանակցույցից որոշակի շեղումներին, կներդրվեն բոլոր ջանքերն այս տարի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկելու համար:

Երևանի առաջնահերթություններից են 250 էլեկտրական նոր ավտոբուսների ձեռքբերումը և դեպոների վերակառուցումը, Դալմայի այգիների շուրջ 230 հա տարածքում անտառպուրակի հիմնումը, Նորագյուղի վերակառուցումը, Մետրոպոլիտենի արդիականացումը, Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը և այլն: 

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ Եվգենի Ժուկովն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար և իրենք պատրաստ են աջակցել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում