Հայաստանի ԳԱԱ-ն և Բելգիայի Գենտի համալսարանը խորացնում են համագործակցությունը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում մարտի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմը գլխավորում էր Գենտի համալսարանի ռեկտորի տեղակալ Միկե վան Հերեվեգեն։ Հյուրերին ողջունել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։
«ՀՀ ԳԱԱ-ն հիմնադրվել է 80 տարի առաջ և մինչև հիմա Հայաստանի գիտական հետազոտությունների իրականացման հիմնական համակարգն է: Ակադեմիան միավորում է շուրջ 30 գիտահետազոտական ինստիտուտ։ Ունի շուրջ 3800 աշխատակից։ Միջազգային համագործակցությունը շատ կարևոր է ակադեմիայի համար։ Մեր սկզբունքներից է միջազգային համագործակցության խթանումը, և ես ուրախ եմ տեսնել, որ մենք նվազագույնը 3 իրականացվող նախագիծ ունենք, որոնք կապում են մեզ ձեր համալսարանի հետ։ Ես հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումից հետո մենք կընդլայնենք և կխորացնենք մեր համագործակցությունը: Ուրախ ենք ՀՀ ԳԱԱ-ում հյուրընկալել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի ներկայացուցիչներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արամ Պապոյանի խոսքերն են մեջբերված ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Միկե վան Հերեվեգեն իր ուրախությունն է հայտնել այն հանգամանքի համար, որ Գենտի համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ-ն ունի որոշ համագործակցություն:
«Գենտի համալսարանը հիմնադրվել է 1817թ-ին։ Մեր համալսարանում հետազոտություններ են իրականացվում գիտական բոլոր ուղղություններով։ Ունենք շուրջ 50 հազար ուսանող, 11 ֆակուլտետ, աշխատակազմը՝ 15 հազար։ Մենք միշտ ուրախ ենք միջազգային համագործակցության համար»,- ասել է Միկե վան Հերեվեգեն։
Գենտի համալսարանի հետ իրենց համագործակցության ծրագրերն են ներկայացրել ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Պայծառ Մանթաշյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ Մարիա Օհանյանը։ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրել է բաժանմունքի ինստիտուտների գիտական գործունեությունը և առաջարկել համագործակցել բնական գիտությունների ոլորտում։
Գենտի համալսարանի «Eureast Platform»-ի համակարգող Աննա Սաշչենկոն ներկայացրել է համալսարանի հետազոտական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։
Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը և փոխանակվել են հուշանվերներով։