ՃՇՀԱՀ ուսանողների աշխատանքներն առաջնակարգ մրցանակների են արժանացել միջազգային մրցույթում

7 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողները փայլուն հաջողություններ են գրանցել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած միջազգային 33-րդ մրցույթ-ստուգատեսում (МООСАО)։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դասախոս Արսեն Մկրտչյանը նշեց, որ միջազգային այս մրցույթը հարուստ ավանդույթներ ունի և սկիզբ է առնում դեռևս Խորհրդային Միության տարիներից։

«Մրցույթին մասնակցել են ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները և Հայաստանը միշտ ներկայացված է եղել։ Միության փլուզումից հետո՝ 90-ական թվականներին, այդ մրցույթի ձևաչափը փոխվեց, և արդեն մասնակցում էին անկախ պետությունները։ Մրցույթ-ցուցահանդեսը վերաբերում է և՛ բակալավրի, և՛  մագիստրոսական ավարտական աշխատանքներին։  Սովորաբար ներկայացվող աշխատանքների թիվը հասնում է 750-ի, շատ մեծ մրցույթ է»,-ներկայացրեց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անգամ մրցույթին մասնակցությունը, բացի մասնագիտականից, տալիս է նաև անձնական կապեր։ Դրանց շնորհիվ մասնագիտական երկխոսությունը  շարունակվում է նաև հետագայում, ինչն ըստ դասախոսի շատ կարևոր շփում է։

«Նաև ուսանողի համար է շատ կարևոր, քանի որ նա և՛ մրցույթի մասնակցելու փորձ է ձեռք բերում, և՛ կարողանում է ուրիշ գործերը տեսնել ու համեմատել՝ գնահատելով իր մրցունակությունը։ Երբ նայում են, համեմատում, ապա օբյեկտիվորեն տեսնում են իրենց դրական կողմերն ու հասկանում, թե ինչի վրա պետք է շարունակեն աշխատել»,-համոզմունք հայտնեց Մկրտչյանը՝ նշելով, որ մրցույթներին պատրաստվելն ու մասնակցությունն ինքնանպատակ չէ, այլ ծառայում է ոլորտի միտումները հասկանալուն և ազգայինի արդիականացմանը։ 

Համալսարանի «Գրաֆիկական դիզայն» կրթական ծրագրի համակարգող և պատասխանատու Թամարա Թույսուզյանի խոսքով՝ դեռևս դիպլոմային աշխատանքների նախագծային գործընթացի մեկնարկին ուսանողներին հայտարարվում է, որ լավագույն աշխատանքներն ուղարկվելու են միջազգային մրցույթների և պահանջները դրվում են միջազգային մակարդակին համապատասխան, որը վերաբերում է և՛ որակին, և՛ նորարարությանը, և՛ ստեղծագործական մտքին։

«Մեր դիպլոմային աշխատանքներում շատ առանձնահատուկ արտահայտվում է ազգային մշակույթի վերաիմաստավորումը և ներկայացումը միջազգային հարթակներում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ կան նախագծեր, որոնք վերաբերում են տարբեր նորարարական լուծումներին, տեխնոլոգիաներին։

Դասախոսի գնահատմամբ՝ համալսարանում ռազմավարությունը կրթության որակի բարձրացման և միջազգայնացման վրա է կառուցված, որի ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, իսկ միջազգային մրցույթները դրա ածանցյալն են։

ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Շատվորյանը հայտնեց, որ դիպլոմային աշխատանքների ստուգատես-մրցույթին բուհն ամեն տարի մոտ 16 աշխատանք է ներկայացնում և ամեն անգամ ունենում է շուրջ 12 աշխատանք, որոնք առաջին տեղ են զբաղեցնում, ինչպես նաև՝ 3-4 աշխատանքներ, որոնք սովորաբար արժանանում են երկրորդ տեղի։ 

Բացի այդ, լավագույն նախագծերն այս տարի  արժանացել են Ռուսաստանի ճարտարապետների միության և Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի հատուկ մրցանակների։ 

Բուհի մագիստրատուրայի շրջանավարտ Անահիտ Կիրակոսյանը  միջազգային մրցույթում ներկայացրել է դպրոցական հին շենքերի ռենովացիայի թեմայով իր ավարտական նախագիծը՝ արժանանալով  առաջին կարգի դիպլոմի։

«Ցանկացած մրցույթի մասնակցելու և նման պրոյեկտներ կատարելու համար մարդը  պետք է համապատասխան հատկանիշներ ունենա՝ պատասխանատվության բարձր զգացում, կարճ ժամկետներում համակարգվելու, ինքնակազմակերպվելու կարողություն։ Երբ այդքան բարձր մրցանակի է արժանանում աշխատանքդ, կարծես, այդ բոլոր հատկանիշներն ամրապնդվեն ու հաստատվեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նման մրցանակները հավելյալ ոգեշնչում են մասնագիտական բարդ ճանապարհին։ 

Առաջին կարգի դիպլոմակիր, Դիզայնի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Հովսեփ Ստեփանյանը մրցույթին նույնպես ներկայացել է իր ավարտական աշխատանքով՝ դիզայն-նախագծման գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների, ըստ այդմ՝ նոր գործիքակազմերի վերաբերյալ։  

«Մրցույթին մասնակցությունը հանում է անհատական մոտեցումից, և հասկանում ես, թե ընդհանուր մասնագիտական օվկիանոսում ինչ դիրքում ես գտնվում։ Դա թույլ է տալիս օբյեկտիվ ինչ-որ գնահատական ունենալ քո ստեղծած արժեքի նկատմամբ։ Այդ ամենը շատ է ոգևորում և առաջխաղացման ձգտում է տալիս ցանկացած մասնագետի»,-համոզմունք հայտնեց Ստեփանյանը։ 

Ընդհանուր առմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից  Եկատերինբուրգում կայացած ամենամյա միջազգային մրցույթին ներկայացվել են Արդյունաբերական դիզայն, Գրաֆիկական դիզայն և Միջավայրի դիզայն կրթական ծրագրերի  բակալավրիատի 8 և  մագիստրոսական 7 ավարտական աշխատանքներ, որոնք արտացոլել են ուսանողների մասնագիտական հմտությունները, ստեղծարար մտածողությունն ու նորարարական մոտեցումները։

Նախագծերի ղեկավարների հավաստմամբ՝  մրցույթի ընթացքում Դիզայնի ֆակուլտետի ուսանողների նախագծերը գրավել են ժյուրիի ուշադրությունը իրենց բարձր որակով, համարձակ լուծումներով և ժամանակակից մոտեցումներով՝ արժանանալով հանձնաժողովի բարձր գնահատականին։ Առաջին կարգի դիպլոմներով պարգևատրվել են բակալավրիատի 6 և մագիստրոսական 5 ավարտական աշխատանք: 

Դրանցից մի քանիսն արժանացել են նաև հավելյալ հատուկ դիպլոմների։ Երկրորդ կարգի դիպլոմներով են պարգևատրվել բակալավրիատի և մագիստրոսական 2-ական ավարտական աշխատանք: Լավագույն ավարտական աշխատանքների ղեկավարման համար Դափնեկրի դիպլոմների են արժանացել Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի ասիստենտ, ճարտարապետության թեկնածու Արսեն Մկրտչյանը, Դիզայնի ամբիոնի դոցենտ Մարիամ Պապյանը, Դիզայնի ամբիոնի դասախոս Աշոտ Օդաբաշյանը։  

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում