ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին

7 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 17-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում:

Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուղղությունը, ինչպես նաև ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

Նախարարը կարևորել է գերակա ճանաչված մասնագիտություններով բուհերում կրթության կազմակերպման արդյունավետությունը, որին էլ միտված է բարձր կրթաթոշակների քաղաքականությունը: 

«Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու առումով շատ կարևոր է իրազեկել պոտենցիալ դիմորդներին, որ այս տարվա ընդունելության ժամանակ նրանք կարող են ընտրել հենց այս ուղղությունները և ձեռք բերել պետության համար ռազմավարական նշանակության որևէ մասնագիտություն: Այդպիսով՝ նրանք կարող են նպաստել թե՛ իրենց անձնային, թե՛ պետության զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հորդորելով ծրագրից օգտվող ուսանողներին տարբեր միջավայրերում և հարթակներում պատմել իրենց ուսումնառության մասին:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն ուսանողներին խնդրել է ներկայացնել դիտարկումներ՝ հարակից կամ նույն մասնագիտացմամբ կրթությունը շարունակելու նպատակահարմարության, ծրագրի համար սահմանված առաջադիմության շեմի՝ միջին  որակական գնահատականի (ՄՈԳ), այդ թվում՝ աշխատելու պարագայում կրթաթոշակից օգտվելու համար սահմանված նվազագույն շեմի և այլ հարցերի վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև քննարկել կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելու հարցը: 

«Իհարկե, կարող ենք ենթադրել, որ համապատասխան որակավորումը ստանալուց հետո դուք հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու եք, բայց նման պահանջի ու պայմանի ամրագրումը պետական քաղաքականության տեսանկյունից կարևոր է: Տեսականորեն չի բացառվում, որ քաղաքացին կարող է ստանալ, օրինակ՝ քիմիայի ուսուցչի որակավորում, բայց այդ մասնագիտությամբ չի ուզենա աշխատել: Քանի որ ի սկզբանե  նման պարտավորվածություն սահմանված չի եղել, պետությունը որևէ պահանջ ներկայացնել չի կարող: Ծրագիրը դեռ նոր է, իհարկե, պետք է նաև մոնիթորինգ անենք՝ հասկանալու համար, թե ծրագրով ուսումնառությունն ավարտած շրջանավարտների քանի տոկոսն է հետագայում աշխատելու իր մասնագիտությամբ»,- նշել է  նախարարը՝ դիմելով ուսանողներին:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ընդգծելով ծրագրի արդյունավետությունը,  ներկայացրել է թվային տվյալներ, որոնք փաստում են ԲՏՃՄ մասնագիտություններով ընդունելության աճի մասին:

«2024-2025 թթ. համար հատկանշական է հատկապես «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտություններով ուսանողների թվային աճը, քանի որ ամսական 70 հազար կրթաթոշակով հնարավոր է ոչ միայն ծածկել ուսման վարձը, այլև որոշակի փոքր ծախսեր հոգալ»,- ասել է ռեկտորը՝ հավելելով, որ գերակա ճանաչված մասնագիտություններով պետության կրթաթոշակային նոր քաղաքականությունը արդարացված է:

Ըստ նրա՝ 2024 թ. Մանկավարժական համալսարանն ավարտել է ինստիտուցիոնալ հավատարմագրումը և այժմ նախապատրաստվում է մասնագիտական հավատարմագրման, ինչը ենթադրում է բոլոր մասնագիտությունների ծրագրային վերանայումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա ուսանողների խոսքով՝ պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով կրթաթոշակի տրամադրումը լրացուցիչ խթան և մոտիվացիա է, բայց ոչ նախապայման՝ հենց այս ուղղություններով կրթությունը շարունակելու համար: Հատկապես մարզերից մայրաքաղաք եկած ուսանողների խոսքով՝ կրթաթոշակն իրենց համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն է: 

Ուսանողները նաև ընդունելի են համարել ծրագրի ավարտից հետո տվյալ մասնագիտությամբ և տվյալ ոլորտում աշխատելու պահանջի սահմանումը՝ նշելով, որ  լրացուցիչ երաշխիքները կարևոր են նաև հետագայում մասնագիտությամբ աշխատանք գտնելու առումով: 

Ուսանողները նաև նշել են՝ սեփական օրինակով փորձել են ոգևորել իրենց համայնքի մի շարք այլ շրջանավարտների, որոնք այս տարի պատրաստվում են դիմել գերակա ուղղություններով մասնագիտություն ստանալու:

«Վստահ եմ՝ ձեր օրինակը շատերին կուղղորդի: Կրթաթոշակի համար ընտրված մասնագիտությունները պատահական չեն: Թե՛ ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների, թե՛ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների շատ լուրջ պահանջարկ կա»,- խոսքն ամփոփելով՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարվա համեմատ 21%-ով ավելի: Այս և ագրարային մի շարք մասնագիտությունների համար սահմանված ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակի ծրագիրը կգործի նաև գալիք ուսումնական տարում:

Ծրագրով խրախուսվում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ուսումնառությունը և բարձր առաջադիմությունը: Ըստ կարգի՝  առաջին կուրսից հետո 80 տոկոսից բարձր ՄՈԳ ունեցողները կշարունակեն ստանալ 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 90 տոկոսից ավելի ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար դրամ:

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում